- 29 Ապրիլի, 2021
- Posted by: admin
- Category:


Ծրագիրը բազմաբաղադրիչ, միմյանց հետ փոխկապակցված ու շարունակական գործողություններ պարունակող նախագիծ է։ Ծրագրի նպատակներն են նվազեցնել լրատվամիջոցներում ատելության խոսքի, կեղծ և չճշտված տեղեկատվության, պատերազմի քարոզչության տարածումը հակամարտությունների լուսաբանման համատեքստում, ինչպես նաև լրագրողների և ՔՀԿ-ների միջև համագործակցություն խթանելը։
Ծրագրի գործողություններն ուղղված են զինելու լրագրողներին հակամարտությունների լուսաբանման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։ Ստեղծվելու է առցանց կրթական դասընթաց, անց են կացվելու լրագրողական ամառային դպրոցներ, ուսումնական այցեր, կոնֆերանսներ, հրապարակվելու են լրագրողական նյութեր հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ, կազմակերպվելու է շրջիկ ցուցահանդես, տրվելու են դրամաշնորհներ նորարարական մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու նպատակով, ստեղծվելու են լրագրողական էթիկայի ուղեցույցներ, ինչպես նաև կվերանայվեն առկա էթիկական վարքականոնները։
Շահառուները հակամարտություններով զբաղվող լրագրողներն են ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կշարունակի «Թվապատում» կոնֆերանսների շարքը՝ այս անգամ հակամարտությունների լուսաբանման թեմայի շուրջ։ media.am-ի «Խաչմերուկ» բաժնում հեղինակները կշարունակեն պատմել հակամարտությունների լրագրության մասին, ուսումնական բաժնի տարիների փորձը կկիրառվի առցանց հեռավար կրթական գործիք ստեղծելու գործում։
Ծրագիրն իրականացվում է 2020թ. հունվար — 2022թ. դեկտեմբեր ժամանակահատվածում HEKS/EPER շվեյցարական եկեղեցու օգնության հիմնադրամի և Bread for the World գերմանական բողոքական եկեղեցիների զարգացման և օգնության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի բյուջեն` 273,000 եվրո