Մեդիագրագիտություն

Մեդիագրագիտության տարածումը և դասավանդումը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կարևոր ուղղություններից մեկն է։ Մեդիակրթությունը մշտապես եղել է կազմակերպության 25 տարիների գործունեության մասը, մենք օգնել ենք երեխաներին ու երիտասարդներին ավելի լավ հասկանալ մեդիան՝ ստեղծելով հաղորդումներ և ֆիլմեր։ Իսկ 2011 թվականից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսեց համակարգված գործընթաց՝ դպրոցների համար մեդիագրագիտության դասընթաց, ձեռնարկ, ուսումնական նյութեր ստեղծելու, ուսուցիչներին վերապատրաստելու, հանրակրթության մեջ մեդիագրագիտությունը ինտեգրելու ուղղությամբ, համագործակցելու կրթական հասարակական կազմակերպությունների, հանրային լրատվամիջոցների հետ՝ տարածելու մեդիագրագիտության ուղերձները, հմտությունն ու գիտելիքը։

2017-ին արժանացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքի գլխավոր մրցանակին՝ Հայաստանում և տարածաշրջանում մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար։ GAPMIL-ն առանձնացրել էր ՄՆԿ-ի աշխատանքը ԿԳՆ-ի, դպրոցների և բուհերի հետ, մեդիագրագիտության ուսումնական ռեսուրսները, մասնավորապես՝ media.am կայքը, խաղերն ու տարածաշրջանային համագործակցային նախագծերը:

Մեդիագրագիտությունը՝ ֆորմալ կրթության մաս

2013-ին լույս տեսավ ԿԳՆ-ի կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ուսուցչի ձեռնարկը, առաջին հայալեզու ուղեցույցը դասավանդողի համար, որ պարունակում է նաև թվային խաղ, տեսաձայնային նյութեր: Այն օգնում է հասկանալ, ապա նաև պատանիներին փոխանցել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչպես կողմնորոշվել տեղեկատվական ժամանակակից հոսքերում ու քննադատաբար սպառել ցանկացած մեդիա արտադրանք: Այդ ձեռնարկի հիման վրա ՄՆԿ-ն վերապատրաստել է հարյուրավոր դասավանդողների, տասնյակ դպրոցներում հիմնվել են մեդիագրագիտության խմբակներ, անցկացվել են ինտեգրված դասեր։ Այն դարձել է նաև բուհական դասընթացների հիմք տարբեր բուհերում։

2017-ին Կրթության և գիտության նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ հուշագիր ստորագրեց՝ դրանով ամրագրելով մեդիագրագիտության թեմայով իր հետաքրքրվածությունը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ակտիվորեն մասնակցում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած կրթական բարեփոխումերին, կրթության նոր չափորոշիչների և ծրագրերի մշակմանը։ Հենց ՄՆԿ-ի առաջարկած ձևակերպումներով է ներկայացված ՀՀ Հանրակրթության նոր չափորոշչի «մեդիա և թվային կարողունակությունը»։

2017 թվականից սկսած կազմակերպում ենք Հայաստանում Մեդիագրագիտության կրթական շաբաթը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվող ամենամյա միջոցառում է։ Միջազգային կրթական այս նախաձեռնությունը վերածվում է համադպրոցական տոնի ԿԳՄՍՆ աջակցությամբ. Դպրոցներն անցկացնում են մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, տեսանյութերի ու ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր, հանդիպումներ լրագրողների ու խմբագրությունների հետ։

ՄՆԿ-ն խրախուսում է նաև կրթական կազմակերպություններին, գրադարաններին ու թանգարաններին՝ դառնալ մեդիագրագիտության ուղերձների, հմտությունների տարածող, օգնում է նրանց հիմնել խմբակներ, կազմել կրթական ծրագրեր։ Այդպիսի հաջող համագործակցության արդյունք են Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մեդիագրագիտության, Վորլդ Վիժն Հայաստանի մեդագրագիտության մարզային խմբակները, Ինֆոտուն մարզային ծրագրերը՝ տեղի գործընկերների հետ։

Մեդիագրագիտության առցանց ռեսուրսներ

ՄՆԿ առցանց ռեսուրսները՝ կրթական համակարգչային խաղեր, վիդեո դասեր, դասի պլաններ, ծնողական ուղեցույցներ, կարելի է գտնել Media.am կայքի Մեդիագրագիտություն բաժնում։

«Լրատուն» մեդիաթանգարանը գործարկվել է 2011-ին։ Այն անդրադառնում է Անկախության շրջանի առանձին նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանման պատմությանը։

«Ես եմ մեդիան»․ երիտասարդների հզորացում ժամանակակից մեդիաձևաչափերով ու գործիքներով ծրագիրը նպաստում է հայերեն վիդեոբովանդակության զարգացմանը թվային հարթակներում՝ ստեղծելով հայկական լսարանի համար մշակված այլընտրանքային մեդիա։

«Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրն առաջին փորձն է խթանելու փոդքասթինգը՝ որպես մեդիա արտադրության և մեդիա սպառման նորարական միջոց։

Կրթական համակարգչային խաղեր