Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023թ. նոյեմբերի 6-12-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։

Մեր շուրջը և աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում․ հետևելով անվերջանալի լրահոսին՝ մենք հաճախ չենք ստուգում աղբյուրը, չենք տարբերում հարթակները, չենք կողմնորոշվում, թե ում հավատալ, երբեմն կորցնում ենք վստահությունն ընդհանրապես ինֆորմացիայի ու մեդիայի նկատմամբ։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն վեցերորդ տարին, այս տարի՝ «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրի ներքո՝ ի լրումն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային խորագրի, որն է՝ «Մեդիա և ինֆորմացիոն գրագիտությունը թվային միջավայրում»։

Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթն այս տարի անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում: Վերջինն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

  • Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին,
  • Հարստացնել մեդիագրագիտության գիտելիքը՝ անցնելով «Մեդիա iգիտություն» նոր առցանց դասընթացը,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
  • Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
  • Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
  • Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր,
  • Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ անցանց հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով։
  • Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2023 հեշթեգերով։

Մեդիագրագիտության շաբաթվա ծրագիրը՝ հայերեն և անգլերեն։

Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով կամ զանգահարել 095583616 հեռախոսահամարով։

————

Ծրագրի նկարագրություն «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: 

Մեդիագրագիտության շաբաթը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

 

 



Leave a Reply