Ամփոփեցինք «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցը

Օրեր առաջ ամփոփեցինք «Ես եմ մեդիան» վլոգինգի ծրագիրը։

Երեք տարի շարունակ դպրոցի ավելի քան 30 վլոգեր ստացել է գիտելիք, փորձ և սարքավորումներ որակյալ բովանդակություն ստեղծելու, իրենց ալիքները բարելավելու և մարքեթինգային հմտությունները ճիշտ օգտագործելով հայտնի վլոգեր դառնալու համար։

Ծաղկաձորում անցկացրած 3 օրերի ընթացքում արդեն հայտնի և մեծ լսարան ունեցող վլոգերները դպրոցի մասնակիցների հետ փոխանակվեցին իրենց փորձով, քննարկեցին Հայաստանում վլոգինգի հնարավոր զարգացումները, ինչպես նաև թողարկեցին իրենց պատրաստած վլոգինգի օնլայն կուրսը։

«Ես եմ մեդիան» դպրոցի օնլայն կուրսը վլոգինգի գաղտնիքների ու Յություբի առանձնահատկությունների մասին է։ Այն հասանելի է դպրոցի յություբյան ալիքում։

Վլոգինգի դպրոցի մասնակիցները անկեղծանում են, որ դպրոցը շատ է փոխել իրենց կյանքը, տվել նոր գիտելիքներ, նոր ընկերներ, ծանոթություններ, արկածներով լի ճանապարհորդություններ։

Շողիկը, որի ալիքը սննդի մասին է, ասում է, որ դպրոցին մասնակցելուց հետո հետևորդների թիվը կտրուկ աճել է ու լսարանը կարևորում է իր մտքերը։ Այժմ Շողիկի ալիքն ունի 47000 բաժանորդ, իսկ տեսանյութերի դիտումները գերազանցում են 60․0000֊ը։

Հայկը Սիսեռյան խոստովանում է. ««Ես եմ մեդիան» դպրոցից ստացած գիտելիքների ու փորձի շնորհիվ է, որ այժմ աշխատում եմ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում»։ Հայկի ալիքը հիմնականում կրթական է, փորձում է ռոբոտաշինության գաղտնիքները իր լսարանին հասցնել։

««Ես եմ մեդիան» վլոգինգի ծրագիրը իմ կյանքը հիմնովին փոխեց։ Դպրոցի շնորհիվ հնարավորություն եմ ստացել անհրաժեշտ սարքավորումներով ստանալ տեսանյութերի լավ որակ, 0-ից լսարան հավաքել, մոտիվացվել ու նոր գաղափարներ գեներացնել։ Բացի դրանից, ստացած գիտելիքներով մի շարք դասընթացներ եմ անցկացրել ու այսօր էլ իմ գործունեության անբաժանելի մասն է վլոգինգը- ասում է Վեգան։

Աննան դպրոցի 3-րդ սերնդից է, սկսնակ վլոգեր, բայց իր ալիքի տեսանյութերի դիտումնեը արդեն գերազանցում են 70․000-ը։ Աննայի խոսքով՝ վիդեոբլոգինգը դեռ մանկուց իր տարերքն է եղել ու իր պատկերացրած որակն ու բովանդակությունը ստեղծելու համար դպրոցի միջոցով ոչ միայն լավ սարքավորումներ է ձեռք բերել, այլ գիտելիք, նոր գաղափարներ ու հնարավորություններ։

Դպրոցի մյուս մասնակիցների մասին կարող եք կարդալ media.am-ում։

 Հետհայացք

«Ես եմ մեդիան» ծրագրի մասնակիցները դպրոցի իրենց առաջին քայլերը սկսել են ամերիկացի հայտնի յութուբեր Նիք Նիմինի հետ։ Երկու տարի շարունակ վլոգերները հնարավորություն են ունեցել աշխատելու Նիքի հետ և վերջինիս փորձով ու խորհուրդներով զարգացնելու հայկական Յութուբը։

Վիդեո բլոգերները վիդեոարտադրող Ջուլիան Մելանսոնի հետ սովորել և փորձարկել են  սթորիթելինգի, նկարահանման ու մոնտաժի նոր հնարքներն ու մոտեցումները, որոնք այսօր արդեն օգտագործում են իրենց վլոգերում։

Մասնակիցներից 13-ը հնարավորություն են ունեցել մասնակցելու ԱՄՆ-ում անցացվող VidCon ամենամյա օնլայն վիդեոյի կոնֆերանսին, հանդիպելու Յություբի սիրված աստղերի հետ,  մասնակցելու վարպետության դասերի ու նոր գաղափարներ ստանալու։

«Ես եմ մեդիան» դպրոցի մասնակիցները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկին` #WCIT 2019-ին, որի տպավորություններով էլ կիսվել են մեր վլոգերները իրենց տեսանյութում։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

 



Leave a Reply