- June 8, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է InFact Newsroom/Փաստացի խմբագրության ներկայացուցիչների հետ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մեդիայի առջև ծառացած արդի մարտահրավերները, ապատեղեկատվության, ապակողմնորոշիչ և թշնամական քարոզչության տարածման միտումները, ինչպես նաև դրանց հակազդելու գործում փաստերի ստուգման, որակյալ լրագրության և հանրային իրազեկվածության կարևորությունը։
Զրույցի առանցքային թեմաներից էին նաև մեդիայի թափանցիկության բարձրացումը, էթիկական լրագրության սկզբունքների պահպանումը և հանրության վստահության ամրապնդումը՝ որպես ժողովրդավարական և դիմակայուն տեղեկատվական միջավայրի կարևոր նախապայմաններ։
«ԵՄ-ն Հայաստանի պրոֆեսիոնալ լրագրողների և փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետների կողքին է, որոնց աշխատանքը կարևոր է ոչ միայն այսօր, այլև ապագայի համար», – նշել է դեսպան Մարագոսը։
ԵՄ-Հայաստան գործընկերությունն այսօր առավել սերտ է, քան երբևէ, և Եվրոպական միությունը շարունակում է հետևողականորեն աջակցել Հայաստանում ազատ, բազմակարծ, անկախ և մասնագիտական բարձր չափանիշներին համապատասխանող մեդիա միջավայրի զարգացմանը։




