«Լրատուն» ցուցահանդես․ գրաքննություն, լրագրողների հանդեպ ճնշումներ և մարդու իրավունքներ

«Լրատուն» նախագծի հերթական ցուցահանդեսն այս անգամ այն միավորել է երկու թեմա. «Մարդը ափի մե՞ջ․ լրագրողի տեսանկյուն»-ը պատմում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին, իսկ «Առանց գրաքննության» բաժինը քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների պատմությունն է։

Հրապարակումների, տեսանյութերի, վավերագրական ֆիլմերի, հարցազրույցների միջոցով մուլտիմեդիա ցուցահանդեսն անդրադառնում է կարծիքի արտահայտման ազատության, ռասայական, կրոնական, ազգային հիմքով խտրականության, սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին ու դրանց լուսաբանմանը մեդիայում, ապատեղեկատվության և քարոզչության նպատակով այս թեմաների շահարկումներին, ինչպես նաև քննարկում է լրագրողների նկատմամբ ճնշումների տարբեր դրսևորումները։

«Գրաքննությունը պաշտոնապես վերացված է ՀՀ-ում, բայց մեդիան հեղեղված է կողմնակալ նյութերով։ Սահմանադրությունը, օրենքները պաշտպանում են մարդու իրավունքները, բայց մեդիայում խտրականության ալիքներ են հրահրվում տարբեր մտածող, տարբեր զգացող մարդկանց հանդեպ։ Պաշտպանվա՞ծ է անաչառ մեդիան առաջին դեպքում, պաշտպանու՞մ է մարդու իրավունքները երկրորդ դեպքում։ Այս թեմաներին է նվիրված «Լրատուն» նախագծի նոր ցուցահանդեսը»,- ասում է «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը։

«Լրատուն» նախագիծը մուլտիմեդիա ցուցահանդեսների շարք է, որը ներկայացնում է ՀՀ նորագույն պատմությունը լրատվամիջոցների լուսաբանման միջոցով, բացահայտում է հրապարակումների ստեղծման մանրամասները, վերլուծում և բացատրում է լրատվամիջոցների աշխատանքը։ Արտակարգ իրավիճակները, կոռուպցիան և ապատեղեկատվությունը, մարդու իրավունքները, մեդիայի կիզակետում հայտնված և հասարակությանը հուզող բազմաթիվ թեմաներ կարող են առիթ դառնալ «Լրատան» հերթական ցուցահանդեսի համար։ «Լրատան» ցուցահանդեսները տարբեր տարիների ներկայացվել են Երևանում, Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։

 

«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Leave a Reply