- May 7, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։
Առաջարկվող նախագծերի շրջանակում պատրաստված բովանդակությունը կարող է լինել կրթության, տնտեսության, ազգային անվտանգության, առողջապահության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։ Քանի որ նախագծերի իրականացման ժամանակահատվածը համընկնում է խորհրդարանական ընտրությունների հետ՝ նշված թեմաները հնարավոր է ներկայացնել նաև ընտրությունների համատեքստում՝ լրացնելով ընտրական ու հետընտրական փուլերի տեղեկատվական բացերը և լսարանին ապահովելով խորքային վերլուծությամբ ու փաստահեն տեղեկատվությամբ։
Լրատվամիջոցների առաջարկած բովանդակությունը կարող է լինել ցանկացած ժանրով և ձևաչափով․ մուլտիմեդիա պատմություններ, լուծումների լրագրություն, հետաքննություններ, մարդկային պատմություններ, հատուկ ռեպորտաժներ, հարցազրույցներ, կարճ տեսանյութեր և այլն։ Դիմորդները կարող են առաջարկել և հիմնավորել այլ ձևաչափեր և ժանրեր՝ հաշվի առնելով թեմայի յուրահատկությունը և ընտրված լսարանը։
Առաջարկվող բովանդակության կոնցեպտը պետք է լինի մանրամասն մշակված, հստակ, իրագործելի, ունենա լսարանին ներգրավելու հստակ ռազմավարություն։
Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է երկու լոտով՝
Լոտ 1
Նախագծի տևողությունը – առավելագույնը 6 ամիս։
Յուրաքանչյուր նախագծի բյուջեն – 2,200,000-ից մինչև 4,300,000 դրամ։
Լրատվամիջոցները կստեղծեն բովանդակություն այս հայտարարության մեջ նշված կամ այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների մասին՝ դրանք դիտարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հետընտրական զարգացումների համատեքստում։ Դրամաշնորհները նաև կնպաստեն ընտրությունների ընթացքում խմբագրությունների բնականոն աշխատանքին։
Այս լոտով նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են 25,860,000 ՀՀ դրամ։ Այդուհանդերձ, ՄՆԿ-ն իրավունք ունի չտրամադրել ամբողջ բյուջեն, եթե ներկայացված առաջարկները չհամապատասխանեն ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և չընտրվեն հանձնաժողովի անդամների կողմից։
Լոտ 2
Նախագծի տևողությունը – առավելագույնը 6 ամիս։
Յուրաքանչյուր նախագծի բյուջեն – 2,700,000-ից մինչև 4,400,000 դրամ։
Առաջարկվող բովանդակությունը կներկայացնի հայաստանյան խնդիրները Եվրոպական միության կամ Արևելյան գործընկերության երկրներում ընթացող զարգացումների հետ համեմատության մեջ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ, մարդու իրավունքներ, ընտրություններ և այլն։ Այս դեպքում կխրախուսվի նյութեր պատրաստելու ընթացքում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ներառյալ այցելությունը ընտրված երկիր։ Հատուկ ուշադրության կարժանանան նշված թեմաներին առնչվող գենդերային կարծրատիպերի, հասարակական ու քաղաքական դաշտում կանանց ակտիվ դերի մասին առաջարկները։
Այս լոտով նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են 20,700,000 ՀՀ դրամ։
Ովքե՞ր կարող են դիմել
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված լրատվամիջոցները, որոնք կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը, գործում են թափանցիկության սկզբնունքներին համաձայն, միացած են ինքնակարգավորման որևէ նախաձեռնության կամ ունեն էթիկայի կանոնագիր։ Մրցույթին չեն կարող մասնակցել ՄՆԿ-ի ընթացիկ դրամաշնորհառուները, որոնց ծրագրերն իրականացվում են ԵՄ ֆինանսավորմամբ։
Դիմելու կարգը
Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի՝
- նախագծի առաջարկ (ձևաթուղթը կցված է),
- մանրամասն բյուջե (ձևաթուղթը կցված է)
Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական (տես նախորդ պարբերությունը) հայտերը կմերժվեն։
Հայտերն ուղարկել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Մեդիա բովանդակության ստեղծում․ դրամաշնորհների մրցույթ․ Լոտ 1» կամ «Լոտ 2»։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2026թ-ի մայիսի 18-ն է, 18։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով (առավելագույնը՝ 50 միավոր)՝
| № | Չափանիշ | Միավոր |
| 1 | Առաջարկվող բովանդակության գաղափարի/թեմայի կարևորությունը, արդիականությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, նոր գործիքների, հարթակների օգտագործումը | 15 |
| 2 | Լրատվամիջոցի դիրքը դաշտում, բովանդակություն ստեղծելու կարողությունը (նախկին փորձը, հավասարակշռված, փաստարկված լուսաբանում, էթիկական նորմերի պահպանում և այլն) | 10 |
| 3 | Լսարանին հասնելու և ներգրավելու մեխանիզմները | 10 |
| 4 | Իրագործելիությունը | 5 |
| 5 | Բյուջեի հստակությունը, խելամտությունը, փաստարկված լինելը | 10 |
Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել առաջարկները։ Հայտերը վերջնականացնելուց հետո ընտրված լրատվամիջոցների հետ կկնքվեն պայմանագրեր։
Պարզաբանումներ դիմորդներին
Մրցույթի առցանց տեղեկատվական հանդիպումը կանցկացվի մայիսի 12-ին, 12։00, բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են միանալ հանդիպմանը այս հղումով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմը կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի դիմորդների հարցերին։
Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Արշալույս Մուրադյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով:
Մրցույթի Լոտ 1-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Մրցույթի Լոտ 1-ը համաֆինանսավորվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։
Մրցույթի Լոտ 2-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

