Երիտասարդական հայացք կոնֆլիկտներին

15 տարեկանում Էլինան Ինտերնյուսի «Մանկական խաչմերուկ» տարածաշրջանային ծրագրի մասնակիցներից մեկն էր։ Երկու տարի շարունակ նա սցենար էր գրում, մասնակցում նկարահանումներին ու մոնտաժման աշխատանքներին, աշխատում էր ադրբեջանցի ու վրացի իր տարեկիցների հետ եւ «Մենք ենք» հաղորդաշարի վարողներից մեկն էր։ Հետո նա ընտրեց լրագրողի մասնագիտությունը։ Ուսանողական տարիներին Էլինան մասնակցեց Ինտերնյուսի «Արվեստանոց խաչմերուկում» ծրագրին եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ֆիլմ պատրաստեց։

23 տարեկանում Էլինան արդեն առավել լուրջ մասնագիտական աշխատանք կատարեց. «Բարեւ, Բելգիա» վավերագրական ֆիլմում ներկայացրեց երիտասարդների հայացքը Բելգիական հակամարտության մասին։ «Բարեւ Բելգիան» Ինտերնյուսի «Հակամարտությունների աշխարհը» ֆիլմաշարից է, որը աշխարհի տարբեր երկրների հակամարտությունների ծագման ու զարգացման, մարդկային ողբերգությունների ու պետական շահերի, պատմական դասերի ու հնարավոր լուծումների մասին է։

Ֆիլմի նկարահանման ընթացքում Էլինա Չիլինգարյանը եղավ Բրյուսելում, Բրյուգեում, Լիեժում, Լինկեբեկում, Լյովենում եւ Անտվերպենում, զրուցեց տասնյակ երիտասարդների հետ՝ բացահայտելով Բելգիայում ապրող ֆրանսախոսների եւ ֆլամանդախոսների միջեւ եղած կոնֆլիկտի լեզվական, մշակութային, կենցաղային եւ այլ առանձնահատկությունները, ինչպես նաեւ երիտասարդների կյանքը, ձգտումներն ու կարծիքը կոնֆլիկտի մասին։

«Ինձ հանդիպած բելգիացի երիտասարդների հետ շփվելիս՝ ես հասկացա, որ կարեւորը համբերատարության, բարության, հանդուրժողականության եւ երկխոսության նրանց ձգտումն է»,-ասում է Էլինան։ «Թե ինչ է պատմում ֆիլմը էկրանի մյուս կողմում գտնվողներին, դժվարանում եմ հստակ պատասխանել: Ընդհանուր առմամբ այն մաթեմատիկական մի խնդրի էկրանավորում է, որտեղ արդեն կա լուծման բանաձևը: Ես ներկայացրել եմ խնդրի պայմաններն ու  բաղադրիչները կադրերի միջոցով, բայց բելգիական մաթեմատիկան ավանդական լուծումներից առայժմ խուսափում է:»

Փետրվարի 26-ին Ինտերնյուսի գրասենյակում կայացավ «Բարեւ, Բելգիա» ֆիլմի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա ֆիլմարտադրողները եւ երիտասարդները հնչեցրին տարբեր կարծիքներ հեղինակի մոտեցման, ներկայացված երեւույթների խորության, ֆիլմի ընդհանուր տրամադրության եւ այլ հարցերի մասին։ Առաջիկայում ֆիլմը կհեռարձակվի հայաստանյան հեռուստակայաններով։