Մեդիագրագիտության զարգացման ուղիները Հայաստանում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախաձեռնել է Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հայեցակարգի մշակումը, որի նպատակն է պետական մարմինների, դպրոցների, բուհերի, ուսումնական կենտրոնների, լրատվամիջոցների և շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ հստակեցնել մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ուղված քայլերն ու հետագա անելիքները:

Հոկտեմբերի 27-28-ին Երևանում անցկացված «Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հեռանկարները» աշխատաժողովի նպատակը հենց այդ քննարկումների սկիզբ դնելն ու արդեն արված քայլերը ամփոփելն էր:

«Մենք 2012թ-ից ակտիվորեն տարածում ենք մեդիագրագիտություն հասկացությունը հատկապես հանրակրթության ոլորտում: Անցկացնում ենք ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, նրանց ենք տրամադրում մեր հրատարակած ձեռնարկը և համակարգչային խաղը, փորձնական դասընթացներ ենք անում դպրոցներում, բուհերում: Հիմա նպատակ ունենք ընդլայնել թիրախային ոլորտները՝ ներգրավելով հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին, գրադարաններին»,- ասում է ծրագրի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը:

Աշխատաժողովը մեկ տեղում էր հավաքել ծրագիրը նախաձեռնողներին, դասընթացներին մասնակցած ու մեդիագրագիտությունը դպրոցում փորձարկած ուսուցիչներին, բուհերի ներկայացուցիչներին, հետաքրքրված ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին:

«21-րդ դարի գրագիտությունը հենց մեդիագրագիտությունն է, որովհետև հիմա մեդիան է ձևավորում մարդուն` նրա աշխարհայացքը, ընկալումները: Եվ մեդիակրթության որակից է կախված, թե ինչպիսին կլինի մարդը հասարակության մեջ»,- ասում է «Մանանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանը:

Աշխատաժողովի հյուրը Ուկրաինական մամուլի ակադեմիայի տնօրեն Օկսանա Վոլոշենյուկը, ով պատմեց մեդիագրագիտության տարածման իրենց փորձի մասին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ձևավորվել է թեմայով հետաքրքրվող ուսուցիչների, գրադարանավարների կրիտիկական զանգված, որոնք այնքան են կարևորում մեդիագրագիտության դասավանդումը, որ հաճախ կամավորության սկզբունքով ներգրավվում են գործում. Արդյունքում՝ 300 դպրոցներում մեդիագրագիտության դասընթացն արդեն փորձարկվել է:

Աշխատաժողովի ընթացքում քննարկված հայեցակարգի նախագիծը հետագա ամիսներին մշակվելու է ավելի փոքր աշխատանքային խմբերում՝ որտեղ կձևավորվեն գործնական առաջարկություններ ու քայլեր՝ մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու և ավելի գրագետ մեդիասպառողներ ձևավորելու համար:

[foogallery id=”4430″]