Նորացված դասընթացներ լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է իր դասընթացների շարքը լրագրողների համար՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Դրանք մի քանի ուղղություններ ունեն՝ համապատասխան ժամանակակից մեդիայի զարգացումներին:

Լրագրության մեջ ավելի խորը,  վերլուծական մոտեցումները զարգացնելու համար  2015-ին անցկացվեց վերլուծական լրագրության, իսկ 2016-ին՝ հետաքննական լրագրության ամառային դպրոց։ Կազմակերպվեցին նաև տվյալների լրագրության երկու դասընթացներ։

Հաջորդ ուղղությունը տեղեկությունների ստուգման, ճշտգրտման ժամանակակից մեթոդների վերաբերյալ դասընթացների շարքն էր։  Դրանք  ծանոթացրեցին կեղծ, չստուգված լուրերի դեմ պայքարի միջազգային  փորձին, ընթացակարգերին, մեթոդներին և օգնեցին հայաստանյան լրատվամիջոցներին  համալրել իրենց խմբագրական կանոնները տեղեկությունների հավաստիությունը երաշխավորող դրույթներով։

Առանձին դասընթացներ կազմակերպվեցին լրագրողական նոր ձևաչափերից մի քանիսի մասին, ինչպես օրինակ՝ մուլտիմեդիա հատուկ նախագծերն են։