Թվապատում 16. լրագրողները շարունակում են պատմել փոփոխությունների մասին

Սեպտեմբերի 24-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարեց «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի հաղթողների անունները:

Լրագրողական այս մրցույթը անցկացվում է երկրոդ տարին։ Նպատակ ունենալով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը՝ «Թվապատումն» ընդունում է տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնք անդրադառնում են տեղական ինքնակառավարման, հաշվետու և թափանցիկ կառավարման, սոցիալական ոլորտների հարցերին ու խնդիրներին:

«Թվապատում 2016»-ի ժյուրիի կազմում Հայաստանի մեդիադաշտի հայտնի չորս մասնագետներ են: Այս տարի նրանց միացավ 2015թ-ի մրցույթի «Գործող անձ» անվանակարգում հաղթած հրապարակման հերոսը:

Հայաստանյան 35 լրատվամիջոցից 76 լրագրողներ ներկայացրել են 131 պատմություն մրցույթի 4 անվանակարգերում: Ժյուրին գնահատել է դրանք՝ հաշվի առնելով լրագրողական աշխատանքը, մրցույթի թեմաները, ստեղծագործական մոտեցումը, նոր մեդիայի գործիքների օգտագործումը: Համատեղ կայացվել է վերջնական որոշում հաղթողների վերաբերյալ.

Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Գրիշա Բալասանյանը՝ hetq.am-ում հրապարակված «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութի համար:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգի մրցանակը և 250 000 դրամը շնորհվեց Անուշ Մուրադյանին՝ «ԱՐ» հեռուստաըներկության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութի համար:

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը և սահմանված
250 000 դրամ պարգևը կիսեցին hetq.am-ի երկու հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» (հեղինակներ՝ Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան) և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով» (հեղինակ՝ Մարինե Մադաթյան):

Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթող ճանաչվեց civilnet.am-ում հրապարակված «Կանաչ հեղափոխություն» տեսանյութը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարի կատարած աշխատանքի մասին: 300 000 դրամով պարգևատրվեցին ինչպես հեղինակը՝ Գոհար Տեր-Հակոբյանը, այնպես էլ հերոսը՝ Համլետ Պետրոսյանը:

«Թվապատմանը» աջակցություն ցուցաբերող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր հատուկ մրցանակը՝ Բյուրոկրատ գրքի խանութի 85 հազար դրամի նվեր քարտը, հանձնեց Արման Սուլեյմանյանին՝ civilnet.am-ում հրապարակված «2016-ից հաշմանդամությունն այլևս վարակիչ չէ» նյութի հերոսի ընտրության համար:

Հաշվի առնելով մրցութային աշխատանքների բարձր որակը և լուսաբանվող հարցերի կարևորությունը՝ ժյուրին հանձնեց հատուկ և խրախուսական դրամական մրցանակներ:

Բացի նշված հիմնական անվանակարգերից «Թվապատում» մրցույթն ունի ևս մեկ անվանակարգ` «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ»: Այստեղ քվեարկության են դրվում բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները, իսկ հաղթողին ընտրում է լսարանը:

Ընտրված նյութերն ու քվեարկության մանրամասները հասանելի կլինեն մրցանակաբաշխության ավարտից հետո, tvapatum.mediainitiatives.am կայքի «Ես քվեարկում եմ» բաժնում:

«Թվապատում 2016»-ը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: «Թվապատմանը» աջակցություն է ցուցաբերում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը: Միջոցառման գլխավոր հովանավորն է Beeline-ը։
Նախընտրած նյութի օգտին քվեարկել հնարավոր կլինի հոկտեմբերի 1-ից 31-ը։

Մրցույթի մասին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Tvapatum կայքում։

[foogallery id=”4816″]