Թուրք լրագրողները Հայաստանում

Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Մուգե Ակգյունը (Muge Akgun) գրում է ճամփորդությունների, մշակույթի եւ խոհանոցի մասին: Հայկական հեռուստատեսային խոհանոցի ճանաչված «տնտեսուհի», ազգագրագետ Սոնիա Թաշճյանը (Sonia Tashjian)  շրջում է Հայաստանում, հավաքում մոռացված բաղադրատոմսեր ու հրատարակում դրանք: Մուգեն եւ Սոնիան հանդիպեցին Երեւանում, Սոնիայենց տանը: Թուրք լրագրողը համտեսեց հայկական խոհարարական «գոհարները» եւ դրանցից մի քանիսի բաղադրատոմսերը հրապարակեց «Ռադիկալ» թերթում:
«Սոնիայի տունը իսկական հայկական օջախ է: Այստեղ ամեն ինչ աննկարագրելի համեղ է. ավելուկը, ղավուրման, մոթալ պանիրը, ուրցով համեմված աղցանները եւ հայկական ավանդական Տարեհացը», — գրում է Մուգեն:

Մուգե Ակգյունը իր թուրք գործընկերների հետ Հայաստան է այցելել «Ինտերնյուս»-ի «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրով: Ծրագրի լրագրողների փոխանակման բաղադրիչի շրջանակներում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 5 լրագրողներ մեկնել էին Թուրքիա, հուլիսին Հայաստան այցելեց Թուրքիայի պետական TRT ալիքի նկարահանող խումբը, իսկ նոյեմբերի 21-24-ը ծրագիրը եզրափակվեց թուրք հայտնի սյունակագիրների եւ լրագրողների այցով:

Մուգե Ակգյունը (Ռադիկալ), Սերհան Յեդիգը (Serhan Yedig – Հուրիեթ), Մութլու Թոնբեքիչին (Mutlu Tonbekici – Վաթան) եւ Էրդալ Գյուվենը (Erdal Guven — անկախ լրագրող) այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր, հանդիպեցին իրենց հայ գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաղաքագետների, ներկա եղան 16-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանի համերգին Գաֆեսչյան կենտրոնում, շրջեցին Երեւանում, առեւտուր արեցին փակ շուկայում:

«Խորհրդային ոճով մի հսկա շուկայում ավելուկ եմ առնում տիպիկ փոքր բիզնեսի ներկայացուցիչ մորաքրոջից: — Որտեղի՞ց եք հարցնում է նա: Ես պատասխանում եմ՝ Թուրքիայից: Մորաքույրը արդեն կշռված ապրանքի վրա ավելացնում է ավելուկի նոր կապ՝ իր կողմից եւ ասում. Լավ ես արել, որ եկել ես»: Գրում է Մութլու Թոնբեքիչին «Վաթան» օրաթերթի իր սյունակում: Նա պատմում է «Վանա խաշ» կերակուրի եւ Արարատի մասին: «Այս լեռը, երեւում է, ամեն մեկին իր երեսը ցույց չի տալիս, բայց երբ երկու օրվա սպասումից հետո տեսա, հասկացա, ինչ հրաշք է նա, Արարատը՝ Երեւանի Բոսֆորը»:

Թուրք լրագրողները անընդհատ sms-ներ էին ստանում իրենց գործընկերներից, ովքեր նախկինում եղել էին Հայաստանում: Նրանք խորհուրդ էին տալիս այցելել այս կամ այն վայրը, փորձել այսինչ կերակուրը, հանդիպել այսինչին: Այսպես նրանք եղան Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, այցելեցին Ցեղասպանության թանգարան, փորձեցին հայկական ավանդական լավաշը՝ հենց թոնիրի կողքին: