Տեխնիկական առաջադրանք. առցանց կրթական հարթակի պատրաստում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու առցանց կրթական հարթակի պատրաստման մրցույթին։ Հարթակի միջոցով մեր ուսումնական թիմը պետք է ստեղծի և իրականացնի բազմաֆունկցիոնալ առցանց դասընթացներ տարբեր խմբերի համար՝ լրագրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հակիրճ նկարագրություն

Կրթական հարթակի միջոցով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական թիմը պետք է ստեղծի և իրականացնի բազմաֆունկցիոնալ առցանց դասընթացներ տարբեր խմբերի համար՝ լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ։ Հարթակը պետք է ապահովի սահուն ուսումնական գործընթաց, որին կարող է միաժամանակ ներգրավված լինել մինչև 300 մասնակից։ Հարթակը պետք է պարունակի տեսաձայնային և տեքստային նյութեր, դասախոսություններ, ֆիլմեր, հարցաշարեր, գիտելիքի ստուգման գործիքներ, գնահատման համակարգ, ուղիղ միացումների հնարավորություն, այլ գործիքներ առցանց ինքնուրույն ուսուցման համար։

Ֆունցիոնալ պահանջներ

Ուշադրություն․ հարթակը կարող է հատուկ ստեղծվել նշված նպատակների համար կամ վերամշակվել և լրացվել արդեն գոյություն ունեցող նման կրթական հարթակի հիմքի վրա։

Հարթակը պետք է լինի օգտագործողի համար հարմար և պարզ, ունենա գրավիչ դիզայն։ Ապահովվող հնարավորությունները և բաղադրիչները, որոնք կարող են փոփոխվել/ընտրվել տարբեր դասընթացների դեպքում, հետևյալն են․

  • Առաջին էջ (landing). ամփոփ տեղեկություն է ներկայացնում հարթակի նպատակների և բովանդակության մասին։ Այս էջում այցելուն գրանցվում է որպես մասնակից կամ ազատ ունկնդիր։
  • Դասընթացներ․ տարբեր կրթական նյութերով բեռնված առանձին էջեր՝ տեսական, գործնական, գիտելիքի ստուգման, ճանաչողական։
  • Հետադարձ կապի բաժին․ մասնակիցը հայտնում է իր կարծիքը, գրում առաջարկություններ, և այլն։
  • Գրանցում․ մասնակիցը էլ․ փոստով ավտոմատացված նամակներ և հաղորդագրություններ է ստանում գրանցման, դասընթացի և առաջընթացի, նորությունների և վերջնաժամկետների մասին։
  • Մասնակցի դաշտ (dashboard)․ ներկայացնում է մասնակցի մասին տեղեկություններ՝ ընտրված դասընթացը, առաջընթացը, կատարած հանձնարարությունները, ստացած գնահատականները, համապատասխան քննարկումները։ Մասնակիցը հնարավորություն ունի ստեղծել իր էջը՝ վերբեռնել նկար, ներկայանալ անունով կամ մականունով, գրել իր մասին։
  • Հարցաշար․ ձեռք բերած գիտելիքը ստուգելու համար մասնակիցը պատասխանում է հարցերի։ Համակարգը պարզ ալգորիթմով ներկայացնում է գնահատման արդյունքը, որի հիման վրա փոխվում է մասնակցի կարգավիճակը․ դրական պատասխանի դեպքում մասնակիցն անցնում է նոր փուլ, բացասական գնահատականի դեպքում՝ կրկնում փորձը։ Մասնակիցն ունի հարցաշարին պատասխանելու երեք փորձ։
  • Դասընթացի ավարտական թեստ․ առցանց հարցաշար՝ նվազագույն արդյունքների ապահովման սկզբունքով։ Դրական արդյունքի դեպքում մասնակիցը ստանում է վկայական, իսկ ավելի բարձր արդյունքի դեպքում՝ գերազանցության վկայական։ Այն հնարավոր է ներբեռնել մասնակցի դաշտից կամ ստանալ էլ․ փոստով։
  • Առաջընթացի ցուցիչ (progress bar)․ մասնակցի դեշբորդում տեսանելի, վիզուալ ժամանակացույց՝ ընթացքի վերաբերյալ։
  • Աուդիովիզուալ մոդուլներ․ նվագարկիչներ մուլտիմեդիա բովանդակությունը դիտելու և լսելու լայն հնարավորություններով՝ լուսագրեր, որակի փոփոխություն և այլն։ Նույն մոդուլը պետք է թույլ տա տեղադրել հղումներ YouTube և Vimeo հարթակներից, նաև բովանդակությունը էմբեդ (embed) անել վիրոհիշյալ կայքերից։
  • Էլ․ վաճառքի (e-commerse) մեխանիզմ․ մասնակցից գանձվում է գումար դասընթացի համար։ Այն պետք է հարմար լինի այցելուի օգտագործման համար և ունենա հիմնական վճարային համակարգերից (ARCA, eDram) օգտվելու հնարավորություն։
  • մասնակցի և դասախոսի միջև արագ հաղորդակցության հնարավորություն։
  • Արխիվ․ դասընթացի արդյունքները պահպանելու հնարավորություն հետագա վերլուծության համար։ Արխիվը հասանելի է կայքի կառավարման բաժնից։
  • Կայքի օգտագործման կանոններ (disclaimer)․ խմբագրման ենթակա մոդուլ, ըստ որի եթե այցելուն չի ընդունում կանոնները, ապա որպես մասնակից կամ ազատ ունկնդիր չի կարող գրանցվել կայքում։ Ազատ դասընթացի պարագայում թույլ է տրվում մասնակցել միայն կանոնները ընդունելու դեպքում։

Բովանդակության կառավարման համակարգի (CMS) պահանջներ

Կառավարման համակարգում ընգրկված են՝

  • գլխավոր կառավարիչ, որն առավելագույն իրավունքներով, ճկուն ղեկավարում է մյուսների գործողությունները,
  • (դասախոս),
  • մասնակից,
  • վերահսկող,
  • կառավարող/խմբագիր։

Յուրաքանչյուր դերակատար ունի իր դաշտը կառավարելու հարթակը։ Բացի դրանից, դասախոսը հնարավորություն ունի տեսնելու մասնակիցների գիտելիքների ստուգման արդյունքները, կամ վերահսկողը՝ մասնակիցների քանակը, դասախոսությունների թեմաները և այլն։

Դասընթացների մոդուլը պետք է ունենա որոշակի գործառույթների կառավարման հնարավորություն․ օրինակ՝ սահմանել դասընթացի ժամկետ, չեղարկել կամ հետաձգել սահմանված ժամկետը, ակտիվացնել և ապակտիվացնել գիտելիքի ստուգումը և այլն։

Դասըթնացի կազմակերպիչը հնարավորություն ունի դասընթացը կառուցել այն մոդուլներով, որոնք հարկավոր են տվյալ պարագայում․ օրինակ՝ բաց լսարանի սկզբունքով, երբ գրանցվելու կարիք չկա, կամ մեկ ամիս տևողության նախանշում, կամ գիտելիքի վերջնական ստուգում դասընթացի նախավերջին օրը։

Այլ պահանջներ

  • խորը վերլուծության հնարավորություն՝ Google Analytics-ի միջոցով,
  • հիմնական դիտարկիչների մեջ (Chrome, Firefox, Safari, Opera) բացվելու հնարավորություն, այսինքն հարթակի բոլոր գործառույթները, պատուհանները, բաղադրիչները և մոդուլները աշխատում են այս դիտարկիչներում,
  • «ռեսպոնսիվություն»․ համատեղելիություն սմարթ սարքերի հետ (smart phone, tablet, android, ios),
  • կիրառված կոդի/համակարգի աշխատանք Digital Ocean հոսթինգ ծառայության (https://digitalocean.com) միջավայրում,
  • պատվիրատուին հանձնելուց հետո կոդի/համակարգի երաշխիքային սպասարկում առնվազն 2 տարվա ընթացքում՝ անվտանգության հետ կապված հնարավոր բաղթողումների վերացման համար։ Հնարավոր է, որ կայքը ունենա թեստավորման ժամանակ չհայտնաբերված թերություններ, որոնք ևս ենթակա են շտկման երաշխիքային սպասարկման ընթացքում։

Աշխատանքի նկարագիր

Աշխատանք Ժամկետ
Մշակել մանրամասն տեխնիկական առաջադրանք՝ հիմք ընդունելով վերը նշված պահանջները և ներկայացնելով հարթակի պատրաստման հետ կապված աշխատանքի ծավալը, անհրաժեշտ պահանջները և սպասելիքները, ինչպես նաև առաջարկներ ու խորհուրդներ Պայմանագիրը ստորագրելուց երկու շաբաթ հետո
Պատրաստել առցանց կրթական հարթակ, փորձարկել այն Պայմանագիրը ստորագրելուց չորս ամիս հետո

 

Պահանջվող որակավորումներ՝

Դիմել կարող են ինչպես անհատ ծրագրավորողները, այնպես էլ ծրագրավորող ընկերությունները։ Մասնագետը կամ մասնագետների թիմը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Computer Science, Programming, Technical Engineering-ի կամ հարակից ոլորտներում մասնագիտական փորձ,
  • բովանդակության կառավարման համակարգերի և ծրագրավորման լեզուների գերազանց իմացություն,
  • կրթական առցանց հարթակներ և գործիքներ ստեղծելու փորձը խրախուսվում է,
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ,
  • արդյունավետ աշխատող առցանց նախագծերի պատկառելի պորտֆոլիո,
  • հաղորդակցության լավ հմտություններ։

Դիմելու կարգը

Խնդրում ենք [email protected] հասցեով մինչև ապրիլի 26-ը, ժ․ 18։00 ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • հետաքրքրության նամակ (մինչև 2 էջ), որտեղ նկարագրված կլինի հատուկ այս առաջադրանքի համար ստեղծվող հարթակի առաջարկվող տեխնոլոգիան և բովանդակության կառավարման համակարգը, կամ արդեն գործող կրթական հարթակը, որը հնարավոր կլինի օգտագործել/փոփոխել/լրամշակել տվյալ աշխատանքին համապատասխան,
  • գնառաջարկ, որտեղ նշված կլինեն աշխատանքի նկարագրում նշված երկու առաջադրանքների առանձին արժեքները (գնառաջարկի ձևը),
  • երեք հաջողված առցանց նախագծերի հղումներ,
  • մասնագետ/ներ/ի կենսագրական/ներ։

 

 

 

 

 

 

 



Leave a Reply