- April 3, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
Մեդիագրագիտության ծրագրերին մասնակցած դպրոցների տասը աշակերտներ փորձարկեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լիտերատուսի արկածները» նոր համակարգչային խաղը: Оգնեցին Լիտերատուսին որոնել, գտնել ու ազատել առևանգված իշխանուհուն՝ Վերիտասին: Ճանապարհին նրանց հանդիպեցին կեղծ ու մոլորեցնող տեղեկություններ, որոնք ստուգեցին ու փորձեցին պարզել իրականությունը:
Նանե Ավանեսյանը Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում է սովորում: Նրան մտահոգում է քաղաքականացված ու կողմնակալ լրատվությունը, մանիպուլյացիաները:
«Մեդիան հաճախ է աղավաղում փաստերը, մարդկանց խոսքը: Այս խաղում էլ այդպիսի օրինակ կար, երբ լուրերով հաղորդված հարցազրույցում խոսքը մոնտաժված ու խեղաթյուրված էր, իսկ Լիտերատուսը կարողացավ պարզել դա»,- ասում է Նանեն:
Խաղի տասը փուլերից առաջին երեքը դժվարությամբ հաղթահարեց, բայց տրամաբանությունը հասկանալուց հետո ավելի հեշտությամբ էր գտնում թաքնված իրերն ու լուծումները:
«Լիտերատուսի արկածները» մեդիագրագիտության ուսումնական խաղը նախատեսված է պատանիների համար, օգնում է նրանց զարգացնել տեղեկություններ գտնելու, դրանք վերլուծելու և ստուգելու, կեղծ ու հավաստի լուրերը տարբերելու հմտությունները, սովորեցնում է ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական միջավայրում:
«Ինձ դուր եկան թեման, պատմությունը, հերոսների անունները՝ Լիտերատուս, Մանիպուլուս, Վերիտաս… Հետաքրքիր է մտածված»,- ասում է Ռոզա Չիբուխչյանը, որը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում:
Խաղը փորձարկելուց բացի դպրոցականները ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի հետ քննարկեցին, թե ինչ է մեդիան, ինչ է մեդիագրագիտությունը և ինչու է կարևոր տեղեկությունները ստուգելը:
«Սովորեցի, որ ճիշտ կլինի կայքերի դեպքում ստուգել «Մեր մասին» բաժինը, կոնտակտային տվյալները, իսկ ֆեյսբուքյան անծանոթ օգտատերերի դեպքում պարզել, թե քանի ընկեր ունի, երբ է գրանցվել…»,- ավելացնում է Ռոզան:
Հաշվի առնելով դպրոցականների նկատած վրիպակները, տեխնիկական խնդիրներն ու նկատառումները՝ խաղի հեղինակները վերջնական տեսքի կբերեն այն, որից հետո «Լիտերատուսի արկածները» հասանելի կլինի առցանց և բոլորին՝ Media.am կայքում: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ստուգել մեդիագրագիտության գիտելիքները մեր նախորդ երկու խաղերի՝ Ցանցառի և Մեդիամարտի միջոցով:
Խաղը պատրաստվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ստեղծմանն աջակցել է «Հինգերորդ ուժ» մեդիա հաքաթոնի Կովկասյան ՀաքՓաք թիմը:
[foogallery id=”6727″]