Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (MICE)

2014 թ-ին մեկնարկած հնգամյա ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք պատմում են հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին։ Աջակցելով որակյալ լրագրությանը և մեդիագրագիտության տարածմանը՝ այն ձգտում է ձևավորել հանրային վերահսկողության պահանջարկ՝ ստեղծելով քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագրի դիտակետում կառավարման թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման և սոցիալական ոլորտի քաղաքականության բարեփոխումներն են, մարդու իրավունքները:

Ծրագիրը համագործակցում է հանրապետությունում գործող թիրախային լրատվամիջոցների հետ։ Դասընթացները լրագրողներին ծանոթացնում են փաստերի և աղբյուրների ստուգման ժամանակակից գործիքներին, նյութերի մատուցման նորարարական մոտեցումներին, ինչպիսին, օրինակ, տվյալների լրագրությունն ու վիզուալացումն են, սովորեցնում են որակյալ լրագրողական հետաքննություններ իրականացնել, հմտանալ մուլտիմեդիա պատմությունների պատրաստման մեջ։ Լրատվամիջոցները ստանում են դրամաշնորհներ՝ բարեփոխումների մասին որակյալ մեդիաարտադրանք ստեղծելու և տարածելու համար։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը խթանում է պրոֆեսիոնալ և էթիկական լրագրությունը Media.am վերլուծական կայքի, «Լրադադար» մեդիաքննադատության ակումբի, «Թվապատում» մեդիա կոնֆերանսի և «Էթիկայի դիտորդ մարմնի» միջոցով։

«Թվապատում» ամենամյա մրցույթը նպաստում է լրագրողական աշխատանքի, բարեփոխումների լուսաբանման որակի և խորության գնահատմանը։ Մարզերում գործող քաղաքացիական մուլտիմեդիա կենտրոնների՝ Ինֆոտների աշխատանքը, ինչպես նաև հանրային իրազեկման այլ գործիքների կիրառումն ուղղված են քաղաքացիներին դարձնելու գիտակից մեդիա սպառողներ և որակյալ մեդիայի պահանջարկ ձևավորողներ։

Ակնկալվում է, որ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում ստեղծված անկախ և վստահելի մեդիաբովանդակության միջոցով քաղաքացիներն առավել տեղեկացված մասնակցություն ու ազդեցություն կունենան բարեփոխումների ընթացքի վրա։


Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ 2014 թ. հոկտեմբեր – 2022 թ. մարտ ժամանակահատվածում: