Մեկնարկեցին Տվյալների լրագրության առաջին դասընթացները

Բաց տվյալների հասանելիությունը՝ մի կողմից, տեխնոլոգիաների առաջընթացը՝ մյուս կողմից, հիմք դարձան լրագրության նոր ուղղության՝ Տվյալների լրագրության զարգացմանը։

Մեծաքանակ տվյալների ուսումնասիրության արդյունքում հրապարակված լրագրողական պատմությունները հետաքննում, վերլուծում են թվերի հետևում թաքնված փաստերը և ներկայացնում դրանք հնարավորինս պարզ, մատչելի և վիզուալ առումով ուշագրավ ձևով։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը որոշեց լրագրության այս տեսակը բերել Հայաստան և 2014թ-ին  սեպտեմբերին կազմակերպվեց  Տվյալների լրագրության առաջին  ներածական դասընթացը։ Այն վարում էին ուկրաինական TEXTY կայքի գխավոր  խմբագիր Ռոման Կուլչինսկին և տվյալների վիզուալացման մասնագետ Անատոլի Բոնդարենկոն։  Այս կայքը փոքր  թիմով  մեծ փորձարկում էր սկսել խմբագրությունում՝ մասնագիտացել էր տվյալների վերլուծության և  ինֆոգրաֆիկաների պատրաստման գործում։  Ռոմանն ու Անատոլին  հայ գործընկերներին պատմեցին իրենց փորձի մասին, ներկայացրեցին Տվյալների լրագրության հիմունքները, առանձնահատկությունները,  քննարկեցին, թե ինչ պայմաններ, գիտելիք, հմտություններ են անհրաժեշտ լրագրության այս տեսակով զբաղվելու համար։  Դասընթացն ու այս քննարկումները շատ կարևոր էին Տվյալների լրագրության զարգացման հնարավորությունները Հայաստանում ավելի լավ պատկերացնելու համար։