Տեան որոշել էր, որ առանց իրեն ոչ մի «թել» չի քանդվելու․․․

ԹելInk-ի ճամբարներում բազմաթիվ պատմություններ են հյուսվել։ Դրանցից մի քանիսի մասին որոշել ենք պատմել ձեզ։

Մեր վերջին ճամբարի «գլխավոր հերոսը» Տեսան էր՝ Վարդաղբյուրի հյուրատան շունը, որ ճամբարականների հավատարիմ պահապան էր գիշեր ու ցերեկ։ Արուսյակ Գյունաշյանի պատմությունը մի քիչ Տեայի, մի քիչ էլ բոլորիս մասին է:

Տեա, Տեա, Տեա ջան, թող էդ թելը…

Տեան Վարդաղբյուրի հավատարիմ, հողին, ջրին կպած բնակիչներից է։ Ամեն եկողի հետ գնացող-հետ եկող, ամեն անցվորի, մարդի գնացողի հետ տխրություն ու ուրախություն կիսող գյուղի ամենասիրուն բնակիչներից։Այն օրը, երբ ամփոփում էինք նախորդ օրվա ծանոթացման հաջողված ու անհաջող փորձերը, ընկեր Նելլիին առավելագույնս բնորոշ մազերի խարտյաշը, Խորենի անսպառ էներգիայով գիշերը քնելու զուր փորձերն ու իհարկե սթորիթելինգի սիրուն աշխարհը, Տեան որոշեց, որ այդ բարդ ու պատասխանատու կծիկի հանգուցալուծումն առանց իրեն չէր լինի։

Բոլորս չորքոթանի Տեայից մի քանի թիզ վերևում էինք, ու մինչ մենք աչքերի կոնտակտով ու ընկեր Հակոբի՝ սիրուն կադր ստանալու հրահանգներով անծայրածիր կծիկն էինք քանդում, մեկ էլ հոպ․ Տեան բաց չթողեց պահը։ Բաց չթողեց նաև թելը իր սրածայր ատամներով բռնելու վերջին հնարավորությունն ու առանց իրեն կարևոր զգալու՝ տպավորություններով կիսվելու տրամաբանական շարունակությունը։

Մենք բոլորս էլ մի քիչ Տեա ենք, մի քիչ պոչ ենք թափ տալիս, որ մեզ նկատեն, մի քիչ ատամ ենք ցույց տալիս, որ մեր բնավորության նրբերանգները տեսանելի լինեն, մի քիչ խաղում ենք, որ լավ տպավորություն թողնենք, մի քիչ էլ մի անկյունում մենակ ենք նստում, որ մինչև կծիկին հասնելը ինքնամփոփվենք։Ու սա էլ Թելինկ-ում սովորած սիրուն հնարքի մասին էր․ ձեզ մի քիչ Տեայով շեղեցի, մի քիչ մեզ ու Տեային պատկերացրիք ու ասոցացրիք, մի քիչ պատմեցի, թե մոտավորապես ինչ ենք արել, դե հիմա էլ քիչ-քիչ մոտենում ենք ավարտին, որտեղ բոլորս կապվեցինք այդ Թելի ու սթորիԹելինգի շուրջ։

-Տեա, Տեա, Տեա ջան, թող էդ թելը…

Իսկ այս նկարները պատմում են Գյումրիում հյուսված պատմությունների, նոր ծանոթությունների ու այն պահերի մասին, որոնք ԹելInk սթորիթելինգի ճամբարը վերածեցին հիշվող փորձառության։

Եթե դու էլ ուզում ես դառնալ այս պատմությունների մի մասը, մասնակցել քո փորձով ու գաղափարներով, գրանցվիր ԹելInk սթորիթելինգի ճամբարին։



Leave a Reply