Փոփոխվող կլիմայի հետքերով. տարածաշրջանային դասընթաց Երևանում

C2K2-ը ստեղծվել է մի խումբ լրագրողների համատեղ ջանքերով 2013թ-ի հունիսին Երևանում: Սա քիմիական միացություն չէ, այլ՝ ամսագիր, որի դիտակետում Կովկասի կլիման էր՝ գլոբալ տաքացման համատեքստում:

Ամսագրի հրապարակումով ամփոփվեց երկշաբաթյա տարածաշրջանային դասընթացը, որը կազմակերպել էր գերմանական DW ակադեմիայիհետ համատեղ: Դասընթացը վերաբերում էր կլիմայի փոփոխության խնդիրների լուսաբանմանը: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից, Աբխազիայից, Հյուսիսային Օսիայից:

«Կլիմայի փոփոխության ու բնապահպանական խնդիրները հետևանքները տարեցտարի ավելի ակնառու են դառնում մարդկանց կյանքում,- ասում է դասընթացի կոնսուլտանտ Կիրիեն Քուկը, Մեծ Բրիտանիա,- Դրանց լուսաբանումը հրատապ, կարևոր, բայց և բարդ գործ է լրագրողների համար և հատուկ պատրաստվածություն է պահանջում:»

Դասընթացի նպատակը Կովկասյան տարածաշրջանի  բնապահպանական լրագրողների խմբին համապատասխան գիտելիքներ, հմտություններ և ինֆորմացիոն ռեսուրսներ տրամադրելն էր, նրանց միջև համագործակցության և կապերի ամրապնդումը:  2013թ-ի աշնանը Վարշավայում տեղի է ունենալու կլիմայի փոփոխության վերբերյալ ՄԱԿ-ի հերթական կոնֆերնասը, և դասընթացի մասնակիցներից առնվազն երկուսը, DW ակադեմիայի աջակցությամբ,  մեկնելու են Վարշավա լուսաբանելու այն:

Կլիմայի փոփոխության հետևանքների տեսանկյունից Հայաստանը խոցելի երկրների շարքում է. գտնվում է մայրցամաքի խորքում, լեռնային տարածքում և չունի ելք դեպի ծով: Դասընթացի օրերին լրագրողների հետ հանդիպման եկած հայ փորձագետները հաստատում էին այս կանխատեսումները  և նշում ոլորտներ ու վայրեր, որտեղ այդ հետևանքները նկատելի են արդեն այսօր:

Բայց  լրագրողները չեն սիրում միայն լսածով բավարարվել: Հայաստանի փոփոխվող կլիմայի հետքերով դասընթացի մասնակիցները եղան Արմավիրի մարզի մի քանի գյուղում, որոնք գարնանը անսովոր ուժգնության կարկտահարության էին ենթարկվել և Վայոց ձորում, որտեղ, ըստ կանխատեսումների, օդի միջին ջերմաստիճանը ամենից նկատելին է բարձրանալու: Իրենց տեսածի ու լսածի մասին նրանք գրեցին համատեղ պատրաստած  ուսումնական ամսագրում և իրենց լրատվամիջոցներում հրապարակած նյութերում: