Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ

Ծրագիրը զարգացնում է նույն կոնսորցիումի կողմից 2024թ-ից իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնության» արդյունքները և շարունակում հզորացնել հայաստանյան լրատվամիջոցներին՝ դառնալու անկախ և վստահելի դերակատարներ։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավորած կոնսորցիումի կազմում են Երևանի մամուլի ակումբը, Մեդիա բազմազանության ինստիտուտը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Աջակցությունը ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և ֆինանսավորում՝ հզորացնելու որակյալ և ազդեցիկ մեդիա բովանդակություն ստեղծելու նրանց կարողությունը։

Ծրագիրը նպաստում է անկախ լրատվամիջոցներին առնչվող իրավական դաշտի բարելավմանը։ Աշխատանք է տարվում էթիկական լրագրության խթանման և լսարանի՝ լրատվամիջոցների հանդեպ վստահության մեծացման ուղղությամբ՝ ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և լրատվամիջոցների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը խթանելու միջոցով։

Ծրագիրը պաշտպանում է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ինչպես առօրյա գործունեության, այնպես էլ իրավական գործընթացների համատեքստում։ Խմբագրությունների համար անցկացվում են անվտանգության դասընթացներ՝ ապահովելու լրագրողների պաշտպանվածությունը թվային, հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներից։ Ծրագիրը նպաստում է նաև մեդիագրագիտության տարածմանը՝ հասարակության տարբեր խմբերին օգնելով ավելի լավ կողմնորոշվել խրթին և բևեռացված տեղեկատվական դաշտում։

Երեսուն ամիս տևողությամբ ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

  • մեդիա բովանդակության մշտադիտարկումներ և սպառման մասին հանրային հարցումներ,
  • լրագրողների վերապատրաստում նոր որակավորումների ու գործիքների թեմաներով, մեդիա տուրեր,
  • բովանդակության ստեղծման և ռազմավարական զարգացման դրամաշնորհներ,
  • փաստերի ստուգման լրագրության զարգացում,
  • Media.am վերլուծական հարթակ,
  • մրցանակներ լրագրողներին,
  • ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հզորացում և գործունեության խթանում՝ վերապատրաստումների և իրազեկման արշավների միջոցով,
  • խմբագրությունների վերապատրաստում՝ ներքին կանոնակարգերի մշակման և օմբուդսմանի ինստիտուտի զարգացման միջոցով,
  • օրենսդրական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն։

Ծրագրի բյուջեն 1,100,737 եվրո է, որից 970,000-ը տրամադրել է Եվրոպական միությունը, իսկ 130,737-ը կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ներդրումն է։

«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։



Leave a Reply