- November 18, 2019
- Posted by: admin
- Category:
«Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրը բազմաբաղադրիչ նախագիծ է, որն առաջին փորձն է խթանելու փոդքասթինգը՝ որպես մեդիա արտադրության և մեդիա սպառման նորարական միջոց։ Թեև մեդիա անհատները և անձնականացված բրենդները այսօր Հայաստանում հաջողակ են, տեղացի պրոդյուսերները հաճախ չունեն փոդքասթ արտադրելու հմտություններ և գիտելիքներ։ Իսկ փոդքասթները անհատական մեդիայի հոմանիշ են։
Փոդքասթինգով հետաքրքրվածներին ուսուցանելու, աուդիո սթորիթելինգի առանձնահատկություններին տեղեկանալու, փոդքասթինգի սիրահարների համայնք ստեղծելու համար Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը 2019 թ․-ի գարնանը կազմակերպել էր փոդքասթինգի ճամբար և Հայաստան հրավիրել ամերիկացի մասնագետների, որոնք կիսվեցին իրենց գիտելիքով և փորձով, ծրագրի մասնակիցների հետ աշխատեցին նաև իրենց փոդքասթների արտադրության և դրանց առաջխաղացման փուլում։
ՄՆԿ-ի շնորհիվ ծրագրի մասնակիցները ստացել են անհրաժեշտ ձայնային սարքավորումներ և աուդիո խմբագրման ծրագիր։ Հայաստանի փոդքասթերներին աջակցելու համար Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը իրականացրել է ընթացիկ դասընթացներ և խորհրդատվություն՝ կազմակերպելով պարբերական խմբակային քննարկումներ։
Ծրագրի մասնակիցները նաև ճամփորդել են Հայաստյանի տարբեր համայնքներ, և տեղացի երիտասարդների հետ կիսվել ձայնային պատմասության գիտելիքներով։ Ինտենսիվ դասընթացների շնորհիվ փոդքասթինգի համայքնի մաս են դարձել երիտասարդներ Գյումրիից, Իջևանից, Վանաձորից և այլ մարզային քաղաքներից։ Երիտասարդները ունեն գաղափարներ պատմել իրենց կոնտեքստների մասին՝ փոդքասթների միջոցով։ Իսկ ծրագրի մասնակիցները մշտապես կապի մեջ են և օգնում են խորհուրդերով։
«Լսիր ինձ հիմա» ծրագրի շրջանակներում ստեղծված փոդքասթները հասանելի են հարթակում:
Հայաստանում մեդիա որակի բարելավման նպատակով Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը մշակում է նաև փոդքասթինգի վերաբերյալ հատուկ մոդուլ՝ համալսարաններում ռադիո լրագրության կամ մուլտիմեդիա լրագրության ուսումնական ծրագրերում ներառելու համար։
Փոդքասթ լսելու մշակույթը զարգացնելու համար ՄՆԿ-ն իրականացրել է տեղեկատվական արշավներ՝ բարձրացնելով փոդքասթ հարթակների և հավելվածների վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչպես նաև ներկայացնելով փոդքասթ լսելու առավելությունները։
Ծրագիրն իրականացվում է 2018թ. հոկտեմբեր— 2021թ. մայիս ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: