Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում 2025

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ, այս տարի՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։

Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ կոնֆերանսը (գրանցվել կարող եք այստեղ), որի շրջանակում կլինեն պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները կանդրադառնան մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձին, արհեստական բանականության մարտահրավերներին ու փաստերի ստուգման կարևորությանը, ինչպես նաև ֆիլմերի կիրառությանը՝ որպես կրթական մեթոդ։

Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

  • Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին,
  • Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ՝ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը
  • Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
  • Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
  • Լսել Էնցիկլոմեդիա փոդքասթների շարքը՝ մեդիագրագիտության մասին
  • Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր,
  • Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ անցանց հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով։
  • Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերով։

Կոնֆերանսի և շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրում։

Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով կամ զանգահարել 095583616 հեռախոսահամարով։


Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:



Leave a Reply