Մեդիագրագիտության շաբաթ 2026. Դիմակայելու արվեստը

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026թ. նոյեմբերի 14-21-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն իններորդ անգամ, այս տարի՝ «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո։

Նոյեմբերի 14-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական մեկնարկը կազդարարի «Ազատ խոսքի արվեստը» ցուցահանդեսի բացումը Գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Սայաթ Նովա 6):

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 153 դպրոցներ Երևանից և մարզերից։ Աշակերտները մեդիագրագիտության տարբեր թեմաների անդրադարձել են ստեղծագործական բազմազան ձևաչափերով։ Ցուցահանդեսում կներկայացվեն ժյուրիի կողմից ընտրված 25 լավագույն աշխատանքները, իսկ հինգ աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ։

Պաշտոնական միջոցառման ավարտից հետո Իտալիայից և Խորվաթիայից հրավիրված փորձագետները հանդես կգան երկու թեմատիկ բանախոսությամբ՝  «ԱԲ գրագիտություն» և «Մեդիան, արվեստը և կրթությունը․ պատրաստելով երեխաներին իրական աշխարհին» թեմաներով (բացման միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ)։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան․

  • Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին,
  • Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ՝ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը
  • Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
  • Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
  • Լսել Էնցիկլոմեդիա փոդքասթների շարքը՝ մեդիագրագիտության մասին
  • Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր,
  • Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ անցանց հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով։
  • Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2026 հեշթեգերով։

Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով։


Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԷՐԻՄ-ի կողմից։ 



Leave a Reply