Մեդիագրագիտության դասընթաց՝ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և խմբերի համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին՝ մասնակցելու մեդիագրագիտության ու փաստերի ստուգման եռօրյա դասընթացի, որը կանցկացվի հունվարի 19-21-ը Երևանում։

Մարդու իրավունքները հանրահռչակելու, ոտնահարումները բարձրաձայնելու և թեմայի շուրջ հանրային քննարկում ստեղծելու համար շատ կարևոր է հասկանալ այդ թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, մեդիայում կիրառվող մանիպուլյատիվ հնարքները, կարողանալ ճանաչել և բացահայտել ապատեղեկատվությունը, որի թիրախը շատ հաճախ հենց մարդու իրավունքներով զբաղվող մարդիկ ու նրանց տարածած արժեքներն են։ Այլընտրանքային պատմույթներ ստեղծելը, փաստերի վրա հիմնված տեղեկությունները լսարանին հետաքրքիր դարձնելը, մարդկային պատմությունների միջոցով խնդիրների ու հաջողությունների մասին խոսելը օգնում են հակազդել տեղեկատվական միջավայրում եղած կեղծ, մանիպուլյատիվ, քարոզչական թեզերին, անորակ և էթիկապես խոցելի լուսաբանմանը։

Եռօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները

  • ավելի լավ կպատկերացնեն մեդիայի ու լրագրողի աշխատանքը, սկզբունքները, կիրառվող հնարքները,
  • կկարողանան վերլուծել մեդիա նյութերը և հասկանալ դրանց ուղերձները,
  • կիմանան ինչպես տարբերել և ստուգել ապատեղեկատվությունը, ինչպես նաև արձագանքել դաշտում տարածվող կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներին,
  • կտիրապետեն մեթոդների՝ իրենց ասելիքն ու գործունեությունը հանրային տեղեկատվական միջավայրում ավելի տեսանելի, թիրախային ու ազդեցիկ դարձնելու համար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),

բ) մոտիվացիոն նամակ 1 էջի սահմաններում՝ նկարագրելով թե մարդու իրավունքների լուսաբանման/բարձրաձայնման առումով ինչ խնդիրներ եք տեսնում մեդիա/տեղեկատվական դաշտում, ու մեդիագրագիտության այս դասընթացն ինչպես կօգնի ձեզ ձեր աշխատանքում:

Փաստաթղթերն ուղարկել ՄՆԿ դասընթացների բաժին lgalstyan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև 2022թ հունվարի 12:

Մարզերի մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Այլ մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:


Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Թողնել պատասխան