- January 29, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
Լիլիթ Գիշյանն արդեն մոտ երկու տասնամյակ պատմություն է դասավարդում Նոյեմբերյանի ավագ դպրոցում: Բայց այս անգամ ինքն էր հայտնվել աշակերտական նստարանին. Լոռու և Տավուշի մարզերի իր 15 գործընկերների հետ միասին մասնակցում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած մեդիագրագիտության վերապատրաստման եռօրյա դասընթացին:
Նախկինում Լիլիթը լրատվամիջոցներին վստահում էր անվերապահորեն, աշակերտներին էլ սովորեցնում էր՝ հեռուստացույցով ասվածը բացարձակ ճշմարտություն է: Դասընթացի արդյունքում վերանայել է այս մոտեցումը.
«Աշակերտների հետ ուսումնասիրում ենք ոչ միայն անցյալը, այլև ժամանակակից պատմությունը, այն ամենն, ինչ կատարվում է աշխարհի թեժ կետերում: Մեր տեղեկության աղբյուրը հիմնականում լրատվամիջոցներն ու ինտերնետային տարբեր հարթակներն են, այդ թվում, Վիքիպեդիան: Հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է ամեն լսածին ու տեսածին քննադատորեն մոտենալը, հավաստի ու կեղծ տեղեկությունը տարբերակելը, ավելի գրագետ մեդիա սպառող լինելը»:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում անցկացված եռօրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթացան մեդիայի կենսագրությանը՝ անտիկ շրջանից մինչև մեր օրերը, ուսումնասիրեցին ժամանակակից մեդիայի տեսակներն ու լրատվամիջոցների աշխատանքը ներսից, սովորեցին հասկանալ ու վերլուծել մեդիայի ասելիքը: Իսկ դասընթացի ավարտին քննարկեցին՝ ինչպես գիտելիքը հետագայում փոխանցել աշակերտներին:
[foogallery id=”6326″]