Մեդիագրագիտություն ձեռնարկի շնորհանդեսը

Աննա Աթաբեկյանը սովորում է Ա. Սախարովի անվան N69 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Նա հաճախում է «Մեդիագրագիտության» խմբակ, որտեղ սովորում է լուր գրել, լուսանկարել, պատրաստել թերթի առաջին էջ կամ մուլտիմեդիա հոդված տարբեր բաղադրիչներով:

Աշակերտուհու խոսքերով՝ այս առարկայի շնորհիվ նա սովորել է տարբերակել հավաստի եւ կեղծ ինֆորմացիան: «Մինչեւ «Մեդիագրագիտություն» անցնելը, երբեք չէի մտածի, որ լուրը կարող է սխալ լինել: Բոլորս էլ լսում եւ ընկալում ենք լուրերն այնպես, ինչպես ցուցադրվում են, բայց երբ մեդիագրագետ ես, սկսում ես քննադատաբար մոտենալ հաղորդված ինֆորմացիային»,- ասում է Աննան:

Հիմնական դպրոցի այլ աշակերտների եւ ուսուցիչների հետ հոկտեմբերի 18-ին Աննան մասնակցեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիագրագիտություն» ձեռնարկի շնորհադեսին։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ կրթության եւ մեդիա ոլորտի փորձագետներ, պետական կառույցների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մոտ երկու տարի առաջ սկսեցինք մշակել մեդիագրագիտության դպրոցական ծրագիրը: Պատրաստվեց ուսուցչի ձեռնարկ, հավաքվեցին տեսաձայնային ուսուցողական նյութեր, տեսական հոդվածներ, խաղեր: Այս ձեռնարկը կօգնի աշակերտներին քննադատաբար ընկալել մեդիան, մեդիայի հաղորդագրությունները, նյութերը, հասկանալ, թե ինչ է մեդիան, ինչպես է աշխատում, ինչ շահեր ու նպատակներ, ազդեցության ինչ մեխանիզմներ ունի եւ ինչ մանիպուլյացիաներ կարող է անել»,- ասում է «Մեդիագրագիտություն» նախագծի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Ձեռնարկը վերամշակվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ համատեղ: Կրթության եւ գիտության նախարարությունն այն հաստատել է որպես ուսումնաօժանդակ նյութ դպրոցների համար: Դպրոցներն իրենց հայեցողությամբ կարող են անցնել այս կուրսը, օգտագործել նյութերը եղած առարկաների դասերին կամ դրանցից դուրս:

2012 թվականի սեպտեմբերից դասընթացը փորձարկվել է մի քանի դպրոցներում, վերապատրաստվել են մի քանի տասնյակ ուսուցիչներ Երեւանում եւ մարզերում: Տպագրվել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկի 300 օրինակ, որոնք բաժանվելու են դպրոցներին եւ շահագրգիռ կազմակերպություններին:

«Մեդիագրագիտություն» նախագծի մաս է նաեւ «Մեդիամարտ» էլեկտրոնային խաղը: Այստեղ երեխաները կարող են պատասխանել վիկտորինաների հարցերի, նյութ գրել, ռադիոնյութ կազմել, հավաքել հեռուստահաղորդում, ընթացիկ իրադարձությունից լուսանկար անել եւ այլն: Խաղը հասանելի է օնլայն, ինչպես նաեւ DVD սկավառակով կցված է ձեռնարկին:

Հոկտեմբերի 18-ի միջոցառման ընթացքում ծրագրին մասնակցած ուսուցիչներից 5-ին (ընտրվել են մրցութային կարգով) հանձնվեցին դրամաշնորհներ՝ դասընթացն իրենց դպրոցներում այս աշնանը փորձարկելու համար: