Լրագրողական հետաքննություններ․ դասընթաց և դրամաշնորհ

Հետաքննական լրագրության մեջ մասնագիտանալու հնարավորություն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից՝ մեկշաբաթյա դասընթաց և դրամաշնորհներ` հետաքննական նյութեր պատրաստելու  համար։     

Հետաքննական լրագրության դասընթացն անցկացվելու է 2021-ի սեպտեմբերի 13-17-ին ՄՆԿ գրասենյակում։ Այն վարելու է Նաոմի Գոլդսմիթը՝ Մեծ Բրիտանիայից։ Նաոմին աշխատել է BBC-ում որպես լրագող, պրոդյուսեր և հաղորդավար,  լուսաբանել է հակամարտություններ, զբաղվել է հետաքննական լրագրությամբ։ Ներգրավված է եղել լրագրողների ուսուցման տարբեր ծրագրերում, համագործակցել է Եվրոպական լրագրության կենտրոնի (IJC), Google-ի  նորությունների նախաձեռնության (Google News Initiative),  Ինտերնյուսի, Fojo մեդիա ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետ։

Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն լրագրողական հետաքննություններ անցկացնելու գործընթացը՝  թեմայի ընտրություն, նյութերի որոնում, վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, կքննարկեն հերոսների հետ աշխատանքի էթիկական հարցեր, ռիսկերի գնահատման,  լրագրողների անվտանգության խնդիրներ, կծանոթանան հետաքննական նյութերի մատուցման ֆորմատներին։ 

Դասընթացի ավարտելուց հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհների մրցույթ, և հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն` իրենց նախընտրած թեմաներով լրագրողական հետաքննություններ անցկացնելու, հրապարակելու համար։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։ Նախընտրությունը կտրվի այն լրագրողներին, որոնք հետաքննական նյութերի ուշագրավ  թեմաներ կներկայացնեն։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների ճանապարհի և կեցության հարցերը կհոգա ՄՆԿ-ն։ Դասերը կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ, ամեն օր, ժամը 10։00-18։00-ը։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։ 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ  Նարինե Սաֆարյանից, 055 89 57 00, [email protected]

Նաոմին Գոլդսմիթը հետաքննական նյութեր  է պատրաստել BBC-ի համար։ Դրանք վերաբերել են Արևմտյան Եվրոպայում  թմրանյութերի մաքսանենգությանը, ավտոմեքենաներում դիտավորյալ անսարքություններ թողնող ավտոմեխանիկների հանցավոր խմբի գործունեությանը, գործարաններում աշխատանքի անվտանգության պայմանների խախտումներին և այլ թեմաների։ Հետաքննական լրագրությունը Նաոմիի համար  բարձրագույն վարպետություն է և մասնագիտական մեծ պատասխանատվություն է ենթադրում։  


Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



2 Comments

  • Lilit

    Բարեւ ձեզ։Ես Գյումրիից եմ,ինձ շատ հետաքրքրեց դասընթացը։Կասեք`դասընթացի լեզուն է որն է?:Կեցության հետ կապված ունեմ խնդիր,ինչպես կարող եք լուծել,կմանրամասնեք?:

  • Սա լավ և ֆանտաստիկ հնարավորություն է ստանալ միջազգային փորձից առավելագույնը, հմտացնելու և ամրացնելու արդեն եղած գիտելիքները: Ցանկությունը մեծ է մասնակցելու այս դասընթացին: Հարգանքով Վ. Գիշյան

Leave a Reply