«Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի մրցույթ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է վիդեոբլոգինգի մրցույթ` «Ես եմ մեդիան» վլոգինգի դպրոցի մարզային դասընթացների և առցանց վեբինարների մասնակիցների համար։

Եթե գրանցվել ես մեր առցանց վեբինարներին, եթե մասնակցել ես մարզերում արված դասընթացներից որևէ մեկին, եթե 16-25 տարեկան ես և ուզում ես վիդեոբլոգեր դառնալ, այս մրցույթը հնարավորություն է տալիս հաղթելու դեպքում ստանալ դրա համար անհրաժեշտ տեխնիկա և միանալ «Ես եմ մեդիան» վիդեոբլոգերների թիմին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է

  • նկարահանել տեսանյութ,
  • տեղադրել այն քո յություբյան ալիքում,
  • տարածել տեսանյութը սոցցանցերում՝ օգտագործելով #եսեմմեդիան հեշթեգն ու նշելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան կամ ինսթագրամյան էջը,
  • լրացնել մասնակցության հայտը։

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 10-ը ներառյալ։

Ի՞նչ տեսանյութ է պետք նկարել

Տեսանյութում պատմի՛ր, թե ինչպես է փոխվել քո (ընկերներիդ, ընտանիքիդ, համայնքի) կյանքը, կրթությունը, աշխատանքն ու ժամանցը համավարակի ընթացքում, ու ինչով է վլոգինգն օգնում ավելի հետաքրքիր ու օգտակար դարձնել ինքնամեկուսացած առօրյան։

Վիդեոն նաև ազդեցության ու փոփոխության գործիք է․ պատմի՛ր, թե ինչպես կարող ես վլոգինգի միջոցով ավելի մեծ փոփոխության հասնել՝ կարծրատիպեր կոտրել, վերաբերմունք փոխել, նոր մշակույթ ձևավորել։

Այս թեմաների (դրանցից մեկի կամ մի քանիսի) մասին պատմելիս ազատ ես ընտրելու տեսանյութի ոճն ու ձևաչափը․  դա կարող է լինել վլոգ, անձնական պատմություն, զրույց, հումորային սկետչ, ռեպորտաժ, ֆիլմ․․․ Փորձի՛ր լինել յուրահատուկ ու տարբերվող, գտի՛ր նոր ու հետաքրքիր մոտեցումներ։

Հեղինակի հմտությունները գնահատելու համար կարևոր է տեսանյութում ներառել հետևյալ բաղադրիչները․

  • խոսք տեսախցիկի առջև,
  • զրույց/հարցազրույց որևէ մեկի հետ,
  • նկարահանումներ առնվազն 2 տարբեր վայրերում, այդ թվում՝ բացօթյա։

Մրցույթի 3 hաղթողներին ընտրելու է «Ես եմ մեդիան» դպրոցի մասնակիցներից և դասավանդողներից կազմված ժյուրին։ Գնահատվելու են մասնակցի թե՛ տեխնիկական հմտությունները (ճիշտ կադր, լույս, ձայն, մոնտաժ), թե՛ թեման ներկայացնելու մոտեցումը, ստեղծագործականությունը, նորարարությունը և թե՛ վիդեո բլոգինգով զբաղվելու մոտիվացիան և հետաքրքրությունը։

Մրցույթն անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

 



Թողնել պատասխան