Սկզբում պատմությունն է, հետո` տեխնիկան ու հավելվածները

«Եթե լսարանը ներգրավված է, շատ հարցեր է տալիս ու հետաքրքրությամբ լսում, ապա դասընթացը կարելի է համարել հաջողված»,- ասում է գերմանացի լրագրող, բլոգեր և դասընթացավար Մաթիաս Զյուսենը: Իսկ անբաժանելի գործիքի՝ սմարթֆոնի նոր հնարավորությունների բացահայտումն ու ճիշտ օգտագործումը, վստահաբար, մեդիա-մարդուն ամենաշատ հետաքրքրող թեմաներից են:

Մաթիասը 2017-ին Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Ավստրիայի անցկացրած հայ-ավստրիական համագործակցության մրցույթի հաղթողն է: Վերջին օրերին Հայաստանում էր և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի առաջարկով մոբայլ լրագրության մեկօրյա դաս անցկացրեց: Լոֆթ կենտրոնում նոր գիտելիք ու գործիքներ ձեռք բերելու ակնկալիքով հավաքվել էին հայաստանցի բլոգերներ, փորձառու և սկսնակ լրագրողներ:

Մաթիասը հիշում է իր ծանոթությունը հրաշք սարքի հետ՝ 80-90-ականների հսկա կամերաներներից հետո։

«Առնելով սմարթֆոնն իմ ձեռքը՝ հասկացա, որ ինձ ուրիշ ոչինչ այլևս հարկավոր չէ: Ինքնաթիռում, ավտոբուսում, փողոցում, ցանկացած վայրում կարող եմ դրանով նկարել, մոնտաժել և հրապարակել նյութս: Ամենուր մարդիկ սմարթֆոն ունեն՝ լինի հեռավոր կղզի, թե աղքատ երկիր: Ու ինձ դուր է գալիս նրանց սովորեցնել` ինչպես ինքնուրույն պատմություններ պատմել ու իրենց ձայնը լսելի դարձնել»:

Մաթիասը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց մոբայլ լրագրության պարտադիր կանոններին, առաջարկեց տեսանյութեր պատրաստելու լավագույն հավելվածներ, հուշեց ինչպես և որտեղ հրապարակել արտադրանքը: Ապա հանձնարարեց կարճ ժամանակում տեղում փորձարկել. ընտրել աչքի առաջ ունեցած իրավիճակ, նկարել, ապա մոնտաժել այն:

Փորձեցինք ետ չմնալ մասնակիցներից. մի քանի կադր, մի քանի հպում, և կարճ ժամանակում Kinemaster հավելվածի օգնությամբ հեռախոսով պատրաստեցինք դասընթացի մասին այս կարճ տեսանյութը:

Մաթիասն ասում է, որ հեռախոսը միայն արձակուրդից գեղեցիկ տեսարաններ նկարելու ու հրապարակելու համար չէ: Այսօր այն որպես մասնագիտական սարք կիրառվում է այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են BBC-ն կամ Arte-ն: Ընդ որում, ոչ միայն սոցցանցերի համար տեսանյութեր պատրաստելու, այլև հենց հեռուսատեսությամբ հեռարձակելու համար:

Արևմտյան երկրների օրինակը ուսանելի է համարում պրոդյուսեր, հաղորդավար Էրիկ Անթառանյանը, որը մասնակցում էր դասընթացին՝ նոր գործիքներ ձեռք բերելու, մասնագիտական նոր համայնքներ բացահայտելու ակնկալիքով:

«Միշտ չէ, որ իրադարձության վայրում կարող ես հայտնվել ամբողջ թիմով: Իսկ եթե կողքիդ էքսկլյուզիվ նյութ է, նկարելը պարտադիր է: Որպես լրագրող պետք է հիշենք ամենակարևորի՝ բովանդակության մասին: Իսկ հեռախոսի հնարավորություններն այսօր մոտ են պրոֆեսիոնալ տեսախցիկների հնարավորություններին: Եթե հայկական հեռուստաընկերություններում այսօր HD-ն համարվում է բարձր որակ, ապա իմ սմարթֆոնը նույնիսկ 4K է ապահովում»:

Մոբայլ լրագրությունը համարելով որակյալ և դիտարժան՝ Մաթիասն, ամեն դեպքում, խոսում է նաև սահմանափակ հնարավորությունների մասին: Խորհուրդ է տալիս փորձարկել ու գտնել ամենահարմար տարբերակը:

«Սմարթֆոնով ուզածդ ստանալու համար չես գտնի մեկ հավելված, որով կարող ես անել բոլոր գործողությունները: Սովորաբար համադրում ես մի քանիսի հնարավորությունները: Իսկ եթե աշխատում ես, օրինակ, բարդ մուլտիմեդիա նախագծի վրա, հեռախոսով մոնտաժելը սարսափելի բարդ է:  Հեռախոսով ավելի շահավետ է պատրաստել կարճ տեսանյութերը՝ մեկ-երկու րոպե տևողությամբ»,-ասում է Մաթիասն ու հիշեցնում՝ սկզբում պատմությունն է, հետո` տեխնիկան ու հավելվածները:

[foogallery id=”6631″]