Ամփոփվել են Հվ. Կովկասում հակամարտությունների լուսաբանման խնդիրները

«Հակամարտությունների լուսաբանման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (Հայաստան), Ինտերնյուս Ադրբեջանը եւ Ինտերնյուս Վրաստանը փորձագիտական հետազոտություն են անցկացրել։

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի՝ մեդիայի եւ հակամարտությունների ոլորտների 30 փորձագետներ մասնակցել են հարցմանը և անդրադարձել լրատվամիջոցների կողմից օգտագործվող կլիշեներին, կարծրատիպերին, ատելության լեզվին, լրագրողական էթիկայի խախտումներին, հավասարակշռված լուսաբանման վրա ազդող գործոններըին եւ հակամարտությունների փոխակերպման գործում մեդիայի դերին։

Հարցման արդյունքում պարզվել է, որ հակամարտությունների լուսաբանման հաճախականությունը նվազել է, դարձել է իրադարձային, սխեմատիկ, կողմնակալ եւ բացասական։ Բացակայում են որակական վերլուծությունն ու մարդկային պատմությունները։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ լսարանին հետաքրքրում են միայն իրենց երկրին ու ազգին վերաբերող հակամարտությունները, իսկ անմիջական հարևանի կոնֆլիկտների նկատմամբ տեղեկատվության պահանջ չկա։ Ընդհանուր առմամբ լսարանի մոտ հակամարտությունների նկատմամբ հետաքրրվածության պակասի տենդենց է նկատվում։ Մարդիկ ավելի շատ ցանկանում են իմանալ, թե սահմանի վրա քանի կրակոց է եղել, քան թե ինչ փուլում է գտնվում հակամարտության կարգավորումը։ Բացի այդ՝ լսարանի մի զգալի մասը հակված է դեպի հակամարտության մյուս կողմի մասին բացասական տեղեկատվությունը։

Հետազոտությամբ պարզվել է, որ լրատվամիջոցները հակամարտության մասին խոսելիս գրեթե միշտ մի շարք էթիկական նորմեր են խախտում՝ կողմնակալ տեղեկատվությունից մինչև վիրավորանք, քարոզչություն և ապատեղեկատվություն։ Լրատվամիջոցները դեռևս չեն ձերբազատվել ատելության լեզվից, հակամարտության մյուս կողմին պիտակավորելուց և որպես թշնամի ներկայացնելուց։ Հակառակը՝ որոշ լրատվամիջոցների ու լսարանի մի մասի համար այդ ամենը ներկայացվում է որպես հայրենասիրություն։ Այնուամենայնիվ, հարցվածները նկատում են դրական միտումներ վերջին տարիներին։

Ինչ վերաբերում է հակամարտությունների փոխակերպման գործում լրատվամիջոցների դերին, հարցվածները նշել են, որ լրատվամիջոցները թեև ձևավորում են հանրային կարծիք, սակայն կոնֆլիկտի կարգավորման կամ լուծման հարցում էական դեր խաղալ չեն կարող, քանի որ որոշումներն ընդունվում են պետական մակարդակով։ Սակայն ԶԼՄ-ները կարող են թեժացնել ու թուլացնել լարվածությունը, հասարակությանը պետական մարմինների որոշումներին դեմ կամ կողմ տրամադրել։

Հավասարակշռված լուսաբանման հասնելու համար փորձագետները մի քանի ուղի են առաջարկում։ Առաջինը մեդիայի անկախությունն է. իշխանություններից կախում չունեցող ԶԼՄ-ները չեն դառնա քարոզչության գործիք։ Մյուս ուղին լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է, որի շնորհիվ դաշտում իրավիճակը օբյեկտիվ հասկանալու և վերլուծելու, խնդիրը երկկողմանի ներկայացնելու, պաշտոնական քարոզչական տեղեկատվությունից դեպի մարդկային պատմություններ անցնելու միտում կնկատվի։ Ուղիներից մեկն է նաև հակամարտող կողմերի լրագրողների միջեւ համագործակցության խորացումը, անձնական եւ մասնագիտական կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։