Մեկնարկեց CAUCADOC ծրագիրը

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեն վավերագրությամբ որպես արվեստի տեսակով, եւ տարածաշրջանը դառնա վավերագրական ֆիլմերի հարթակ»,- ասաց People in Need կազմակերպության ներկայացուցիչ Շառկա Զահրադնիկովան ապրիլի 12-ին CAUCADOC ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման սկզբում։

Երեք կազմակերպությունների՝ People in Need-ի, Sakdoc Film-ի եւ Ինտերնյուսի CAUCADOC (Caucasus Documentary) ծրագիրը նպաստում է Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի արտադրությանը եւ դրանց օգտագործմանը կրթական ու իրազեկության բարձրացման նպատակներով։ Երկու տարվա ընթացքում Եվրոպայի վավերագրական ֆիլմարտարդրության ոլորտի փորձառու մասնագետները դասընթացներ կանցկացնեն տարածաշրջանի ֆիլմարտադրողների համար։ Կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ, եւ վավերագրական ֆիլմերը դպրոցներում կօգտագործվեն ուսուցողական նպատակով։

Ապրիլի 12-ի միջոցառման ընթացքում հայտարարվեց պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողների համար մտահղացումը զարգացնելու եւ ծրագրի առաջարկ գրելու դասընթացի մասին։ Մրցույթով ընտրված թիմերը (ռեժիսորներ և պրոդյուսերներ) կմասնակցեն վեց ամիս տեւողությամբ դասընթացի, որի ժամանակ տեղացի ու միջազգային փորձագետների աջակցությամբ նրանք կզարգացնեն ֆիլմերի իրենց մտահղացումները եւ կգրեն ծրագրերի առաջարկներ։ Դասընթացի ավարտին թիմերին հնարավորություն կընձեռվի Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի PitchDoc նիստի ընթացքում իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ֆինանսավորողների եւ փառատոնների ներկայացուցիչների։