Ավարտվեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը

2010 թ.-ի մեկնարկից ի վեր «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը փորձել է ավելացնել բազմակողմանի տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները, քաղաքացիների մոտ ձևավորել այլընտրանքային բովանդակության պահանջարկ, խթանել այդ բովանդակության ստեղծումն ու տարածումը և պաշտպանել մամուլի ազատության հետ կապված հանրային շահերը: Ծրագիրն աջակցեց նաև այն բոլոր հմտությունների ու ընկալումների ձեւավորմանը, կազմակերպություններին ու նախաձեռնություններին, որոնք այլընտրանքային մեդիա բովանդակությունը փոխանցում են քաղաքացիական քննարկումների և որոշումների ընդունման հարթակներ:

Մարտի 3-ին «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրն իրականացնող կազմակերպությունները՝ Ինտերնյուս (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը նշեցին ծրագրի ավարտը:Միջոցառման մասնակիցները՝ ծրագրի գործընկերներն ու շահառուները, կիսվեցին ծրագրի հետ համագործակցության իրենց փորձով և հուշերով:

Ամփոփիչ միջոցառման ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ ծրագրի արդյունքների մասին, որոնցից շատերը Հայաստանում «առաջինն» էին իրենց տեսակի մեջ, ինչպես օրինակ՝ «Լրատուն» մեդիա թանգարանն իր շրջիկ ցուցադրություններով 5 մարզերում՝ Հայաստանի պատմության շրջադարձային իրադարձություններին լրատվամիջոցների դերը հանրությանը ներկայացնելու նպատակով, մեդիագրագիտության ձեռնարկի ստեղծումն ու ակտիվ կիրառումը մի քանի հանրակրթական դպրոցներում, համայնքային մեդիա կենտրոնների (Ինֆոտների) ցանցի ձևավորումը, սոցիալական նորարարությունների «Մարդամեջ» ճամբարը, ընտրախախտումների ահազանգերի (iDitord) առցանց քարտեզը, մեծ հետազոտությունը մեդիա ոլորտում, ինչպես նաեւ տասնյակ ժամեր բարձրորակ հաղորդումների ցուցադրումը քիչ լուսաբանված հարցերի մասին, մի շարք տեղեկատվական և քաղաքացիական առցանց ռեսուրսները, ավելի քան 1300 մեդիա մասնագետները, որոնք դասընթացների արդյունքում սովորեցին կիրառել նոր տեխնոլոգիաներ, 50 նորարարական մեդիա նախագծերը։