Հակամարտությունների լուսաբանում. լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում

Ծրագիրը բազմաբաղադրիչ, միմյանց հետ փոխկապակցված ու շարունակական գործողություններ պարունակող նախագիծ է։ Ծրագրի նպատակներն են նվազեցնել լրատվամիջոցներում ատելության խոսքի, կեղծ և չճշտված տեղեկատվության, պատերազմի քարոզչության տարածումը հակամարտությունների լուսաբանման համատեքստում, ինչպես նաև լրագրողների և ՔՀԿ-ների միջև համագործակցություն խթանելը։

Ծրագրի գործողություններն ուղղված են զինելու լրագրողներին հակամարտությունների լուսաբանման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։ Ստեղծվել է առցանց կրթական դասընթաց, անց են կացվել լրագրողական ամառային դպրոցներ, ուսումնական այցեր, կոնֆերանսներ, հրապարակվել են լրագրողական նյութեր հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ, կազմակերպվել է շրջիկ ցուցահանդես, տրվել են դրամաշնորհներ նորարարական մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու նպատակով, ստեղծվել են լրագրողական էթիկայի ուղեցույցներ, ինչպես նաև վերանայվում են առկա էթիկական վարքականոնները։

Շահառուները հակամարտություններով զբաղվող լրագրողներն են ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է «Թվապատում» կոնֆերանսների շարքը՝ այս անգամ հակամարտությունների լուսաբանման թեմայի շուրջ։ Media.am-ի «Խաչմերուկ» բաժնում հեղինակները շարունակում են պատմել հակամարտությունների լրագրության մասին, ուսումնական բաժնի տարիների փորձը կիրառվում է առցանց հեռավար կրթական գործիք ստեղծելու գործում։

Ծրագիրն իրականացվում է 2020թ. հունվար – 2022թ. դեկտեմբեր ժամանակահատվածում HEKS/EPER շվեյցարական եկեղեցու օգնության հիմնադրամի և Bread for the World գերմանական բողոքական եկեղեցիների զարգացման և օգնության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի բյուջեն` 273,000 եվրո։



Leave a Reply