Ֆինանսական կայունության դրամաշնորհներ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի 4-րդ դրամաշնորհային մրցույթը, որն ուղղված է լրատվամիջոցների ֆինանսական կայունության ամրապնդմանը։

Դրամաշնորհային աջակցությունը կարող է տրամադրվել հետևյալ նպատակների համար․

  • Ներդնել խմբագրությունում տվյալների ուսումնասիրության և մարքեթինգի նոր գործիքակազմ, ինչը կավելացնի լրատվամիջոցի լսարանը,
  • Գտնել լրատվամիջոցի բովանդակությունն ու առաջարկած ծառայությունները մոնետիզացնելու տարբերակներ,
  • Կիրառել գովազդատուների համար ուշագրավ տեխնոլոգիական լուծումներ և ֆորմատներ,
  • Զարգացնել բիզնեսի հետ փոխշահավետ համագործակցություն,
  • Նախաձեռնել քրաուդսորսինգային ծրագրեր՝ ներդնելով ֆինանսավորման նոր հնարավորություններ խմբագրության համար։
  • Իրագործել այլ գաղափարներ, որոնք կավելացնեն լրատվամիջոցի լսարանն ու եկամուտը։

Հիմնական պահանջները

Ներկայացված առաջարկները պետք է լինեն հասցեական, չափելի, իրագործելի, արդիական և հիմնված լրատվամիջոցի լսարանի և առցանց վաճառքներից եկամուտների տվյալների վերլուծության վրա։

Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը հաշվի է առնելու նաև լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը, սեփականատերերի մասին տեղեկությունների թափանցիկությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, մարդկային և տեխնիկական ռեսուրսները, ինչպես նաև՝ ծրագրի փորձագիտական խմբի հետ աշխատելու պատրաստակամությունը։

Ընտրված լրատվամիջոցների հետ աշխատելու են «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի փորձագետ-մենթորները։ Նրանք կապի մեջ են լինելու խմբագրությունների հետ՝ հետևելով դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկելով խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհի տևողությունը 5 ամիս է՝ ամեն ամսվա գործողությունների մանրամասն նկարագրությամբ։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 3 դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ մինչև 3.500.000 ՀՀ դրամ գումարով:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Հայտադիմումը , Բյուջեի նկարագրությունը  և էլեկտրոնային տարբերակով ուղարկել ՄՆԿ։
Դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021թ-ի մարտի 30-ն. Է։

Հայտադիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ․հասցեով։ Հարցերի կամ այլ մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, 010 58 36 20 (119)։

Տեղեկատվական հանդիպում

Դրամաշնորհային մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու և ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել նախամրցութային հադիպմանը, որը կանցկացվի մարտի 25-ին, ժամը 17։00-ին առցանց։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի վերնագրում (subject line) նշելով «Դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպում»։ Խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 24-ը։ Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպմանը միանալու հղումը։


Ծրագրի մասին

Դրամաշնորհային մրցույթը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում։ Այն Հայաստանում իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ:
Ծրագրի իրականացման նախորդ երեք տարիներին ՄՆԿ-ն փոքր դրամաշնորհների միջոցով աջակցել է 9 լրատվամիջոցի գտնելու և փորձարկելու լսարանն ընդլայնելու հնարավորություններ, ձևավորելու կոմերցիոն կապեր ու համագործակցություն, դիմագրավելու ճգնաժամային իրավիճակներին։



Leave a Reply