- April 13, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Լրատուն» մեդիա թանգարանի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցադրությունը սկսել է իր շրջագայությունը Հայաստանի մարզերում: Առաջին կանգառը Գյումրիում է՝ «Լոֆթ Գյումրի» կենտրոնում, որտեղ ցուցահանդեսը դռները բացեց ապրիլի 11-ին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ սա յուրատեսակ արգելված ցուցահանդես է. թեև չի հասել այնպիսի սկանդալի, որ բացվի ու փակվի, բայց հաճախ չի հաջողվել ցուցադրել տեխնիկական պահանջները լիովին բավարարող դահլիճներում:
«Թե՛ Երևանում, թե՛ մարզերում ցուցասրահներ փնտրելիս խոչընդոտների ենք հանդիպել. երբեմն ուղղակի, երբեմն էլ անուղղակի մերժումներ ենք ստացել: Սա խոսում է այն մասին, որ այցելուները գուցե այնքան հետաքրքրված չեն ցուցահանդեսով, որքան իշխանությունները: Նրանք վախվորած են: Պատճառն այն է, որ ցուցահանդեսի թեման կոռուպցիան է, իսկ կոռուպցիայի առանձնահատկությունն այն է, որ արվում է հենց իշխանության միջոցով»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը:
«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսի հեղինակներն առանձնացրել են յոթ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերն ու համապատասխան ոլորտները՝ արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` «սա սովորական ցուցահանդես չէ, որտեղ ցուցանմուշներին նայում ու դուրս ես գալիս, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից»:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասում է, որ նպատակը ցուցահանդեսային կյանքում նոր մշակույթ ձևավորելն է, ոչ ցուցահանդեսային նյութը ցուցահանդեսի ձևաչափով ներկայացնելը:
«Որպես մեդիայի ոլորտում երկար տարիներ գործող կազմակերպություն՝ ինչ-որ պահի մեզ մոտ ցանկություն առաջացավ դուրս գալ մեդիայի սահմաններից և նոր հարթակներ փնտրել: Աշխարհում գոյություն ունեն մեդիա թանգարանների օրինակներ, որոնք ոգեշնչել են մեզ, մասնավորապես «Նյուզեումը», որը միավորում է մեդիան, թանգարանային ու կրթական հարթակները»,-ասում է Նունե Սարգսյանը:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը երկրորդն է «Լրատուն» թանգարանի շրջանակում: «Լրատուն» նախագիծը մեկնարկել է 2010 թվականին՝ առաջինը ցուցադրությունը նվիրելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ լրագրողական աշխատանքին: «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը եղավ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում՝ գրավելով մոտ 3000 այցելուի ուշադրությունը: Այդ ցուցահանդեսի բովանդակությունը նույնպես կարելի է գտնել գործող «Լրատան» հպէկրաններում:
Թեմատիկ ցուցահանդեսից բացի թանգարանը նաև առաջարկում է այցելուներին, հատկապես ավագ դպրոցականներին և ուսանողներին, զարգացնել վերլուծական և քննադատական հմտություններն այլ ձևաչափերի օգնությամբ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերի օգնությամբ կարելի է ստուգել և հարստացնել մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքը, իսկ ձևօրինակման սենյակը հնարավորություն կընձեռի եթեր վարել աշխարհի ցանկացած կետից:
Ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև ապրիլի 20-ը ժ.13:30-18:30-ը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում (հասցեն՝ Գորկի 50/4), ապա կայցելի Վանաձոր և Գորիս:
[foogallery id=”6800″]