«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհներ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային մրցույթ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։

Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում․

– Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն,
– երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում,
– հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն։

Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ, մարդու ճակատագիր, չբացահայտված դեպք, երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ, (հակա)քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում, պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։

Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia) աշխատելու համար. հեռուստատեսություն, տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։

Կազմակերպիչներն ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝ վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ, բանավեճեր, փոքր սերիալներ, նոր մուլտիմեդիա ձևաչափեր, տեքստային նոր մոտեցումներ և այլն։ Խրախուսվում է  ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։ Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։ Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով:

Մրցույթին կարող են դիմել
– Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցները [1],
– անհատ լրագրողները, ռեժիսորները կամ ստեղծագործական խմբերը և ստուդիաները, որոնք կստեղծեն և կտարածեն իրենց հեղինակային արտադրանքը՝ համագործակցելով ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ։

Հայտերը պիտի ուղարկվեն  [email protected] էլ. փոստին: Ներկայացնողը էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line) պիտի նշի “MICE_AMP_Grants_Competition”:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունիսի 25-ն է։
Դրամաշնորհին դիմելու կարգի, տևողության և բյուջեի, հայտերի գնահատման չափանիշների մասին մանրամասները, ինչպես նաև հայտ ներկայացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնել այստեղ:

Նախամրցութային սեմինար
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակներում կկազմակերպվի նախամրցութային սեմինարը, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 15:00-18:00, «ԻԲԻՍ Երևան Կենտրոն»-ում։ Հասցեն՝ ք․ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք։

Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին, հեռ. +37410 251575*222, + 37455 575150, +37495 251546, էլ. փոստ [email protected]

Կամ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. +37410 583620*112, +374 95 583639, Էլ.փոստ [email protected]

[1] ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների ցանկը
Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի ՀԸ, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ


Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների  տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը: