Մեդիագրագիտության շաբաթ 2026. Դիմակայելու արվեստը

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026թ. նոյեմբերի 14-21-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ ուսումնական հաստատություններին, լրատվամիջոցներին և այլ շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին՝ բարձրացնելու իրազեկումը մեդիագրագիտության վերաբերյալ և օգնելու մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։

Այս տարի Մեդիագրագիտության շաբաթը հրավիրում է բացահայտելու մեդիագրագիտությունը արվեստի և հանրային երկխոսության միջոցով։

Շաբաթվա առանցքային նախաձեռնություններից է «Ազատ խոսքի արվեստը» համապետական ստեղծագործական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի դպրոցների և արտադպրոցական կրթական կենտրոնների 14-18 տարեկան սաները։

Մասնակիցները կկարողանան արվեստի տարբեր ձևաչափերով անդրադառնալ ազատ արտահայտվելու, անկախ մեդիայի և ժողովրդավարական արժեքների թեմաներին։ Ընտրված աշխատանքները կներկայացվեն Մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառման ցուցահանդեսում։

Շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև ուսուցչական ֆորում, պանելային քննարկումներ տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ, լրագրողական խմբերի այցեր մարզային համայնքներ, երիտասարդական ինտերակտիվ միջոցառումներ, քննարկումներ, աշխատարաններ և դասընթացներ։

Մեդիագրագիտության փառատոնը կամփոփվի «Կադրից դուրս» երաժշտական միջոցառմամբ, որտեղ բեմում կլինեն ստեղծագործող լրագրողները։

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու, թե ինչպես կարող է մեդիագրագիտությունը դառնալ դիմակայելու, ստեղծագործելու և ճշմարտությունը ճանաչելու արվեստ։


Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԷՐԻՄ-ի կողմից։ 



Leave a Reply