- November 23, 2023
- Posted by: admin
- Category:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում անաչառ տեղեկատվական միջավայրը՝ աջակցելով լրագրողական սկզբունքներին ու բովանդակության որակին՝ խթանելով հանրային կարևորության լրատվամիջոցների մրցունակությունն ու դիմակայությունը, ձևավորելով նպաստավոր պայմաններ անկախ տեղեկատվական հոսքերի համար։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին և բովանդակություն ստեղծողներին առաջարկում է նպատակային վերապատրաստումներ և խորհրդատվություն՝ հիմնված նրանց կարիքների պարբերական գնահատման վրա։ Վերապատրաստման ծրագրերի տարբեր ձևաչափերն ու մեթոդները նպատակ ունեն զարգացնել որակյալ լրագրությունը՝ համատեղ աշխատանքի, փորձառության, նոր հմտությունների և կարողությունների, փորձի փոխանակման միջոցով։
Կազմակերպվում են ամենամյա «Թվապատում» մրցույթն ու կոնֆերանսը, որոնք հնարավորություն են տալիս գնահատել լրագրողական որակյալ և նշանակալի աշխատանքները, խրախուսել պատասխանատվությունն ու համարձակությունը, բարձրացնել լրագրողական մասնագիտական համայնքի հեղինակությունը։
Առաջնորդվելով երկրում մեդիագրագիտությունը տարածելու ՄՆԿ-ի նպատակներով, ծրագիրը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ հանրակրթության նոր չափորոշիչին համապատասխան խթանելու մեդիագրագիտության ֆորմալ ուսուցումը, պատրաստում և տրամադրում է նոր ռեսուրսներ, որոնք կօգնեն մարդկանց ավելի լավ հասկանալ ու սպառել մեդիան։ Ծրագիրը նպաստում է նաև մեդիա քննադատության ժանրի զարգացմանը՝ քննարկումներ նախաձեռնելով մեդիա ոլորտի և որակյալ լրագրության մասին։ Աջակցություն է տրամադրվում փաստերի ստուգման ուղղությամբ աշխատող խմբագրություններին՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն իրականացվում է 2023-2028թ․թ։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
- մեդիա տուրեր, որակավորման դպրոցներ և արագ արձագանքման աշխատարաններ նոր մասնագիտացումների, մոդելների ու գործիքների թեմաներով,
- խմբագրության, լրատվամիջոցի կարիքների հիման վրա մշակված խորհրդատվություն
- «Թվապատում» լրագրողական կատարելության ամենամյա մրցույթ,
- «Թվապատում» ամենամյա մեդիա կոնֆերանս,
- մեդիագրագիտության նորարարական շտեմարաններ տարբեր խմբերի համար,
- մեդիագրագիտության վերապատրաստման ծրագրեր և ուսուցում դասավանդողների համար,
- մեդիագրագիտության հանրահռչակման ամենամյա շաբաթ,
- սեփական վիդեո և մուլտիմեդիա բովանդակության արտադրություն,
- media.am վերլուծական հարթակ։
Ծրագրի բյուջեն 2,896,232 ԱՄՆ դոլար է։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։