Անկախ մեդիա բովանդակության ստեղծում

Ծրագրի նպատակն է լրացնել հայաստանյան տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։

Աջակցելով որակյալ և փաստահեն մեդիա բովանդակության ստեղծմանը՝ ծրագիրը միտված է նպաստել լրատվամիջոցների և լրագրողների համագործակցությանն ու գիտելիքների, փորձի փոխանակմանը։

Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին։

Վերոնշյալ նպատակն իրականացնելու համար անցկացվում են տեղական և միջսահմանային համագործակցությունը խթանող մրցույթներ՝ նախապես ուսումնասիրված և հետազոտված թեմաների վերաբերյալ։

Ծրագրի 2 կարևոր նպատակային բաղադրիչներն են․

  • Ստեղծել և տարածել փաստահեն, վստահելի մեդիա բովանդակություն սոցիալական տարբեր հարթակներում, որոնք անդրադառնում են տեղական համայնքներում առկա գլխավոր խնդիրներին՝ հակազդելով ապատեղեկատվությանը,
  • Բարելավել անդրսահմանային բովանդակության արտադրությունը և համընդհանուր դարձնել տեղական պատմությունները տարածաշրջանային հեռանկարներում՝ նպաստելով գործընկեր երկրների լրատվամիջոցների համագործակցությանն ու տարբեր լսարանների տեղեկացվածության բարձրացմանն այլ երկրներում:

Յուրաքանչյուր մրցույթի շրջանակում ընտրվում է մինչև 6 ծրագիր, որից առնվազն 2-ը տրամադրվում է մարզային գործընկերներին։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գործընկեր լրատվամիջոցներին տրամադրում է նպատակային խորհրդատվություն՝ մուլտիմեդիա և թվային մարքեթինգի ռազմավարությունների վերաբերյալ։ Մեդիայի ներկայացուցիչները նախապես ներկայացնում են իրենց կարիքները և, ըստ անհրաժեշտության, մենթոր-խորհրդատուները ծրագրի իրագործման ընթացքում աջակցում և ուղղորդում են այդ աշխատանքներում։

Համագործակցության շրջանակներում գործընկերները մասնակցում են նաև միջազգային կոնֆերանսների և վերապատրաստումների՝ քննարկելու մեդիայի զարգացման միտումները, առկա մարտահրավերներն ու դրա դեմ պայքարի միջոցները, ստեղծվող հնարավորությունները։

Ծրագրի շահառուներն են Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 240,115 դոլլար է։

«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագիրն իրականացվում է  2022 դեկտեմբեր -2024 սեպտեմբեր ժամանակահատվածում Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում և Ուկրաինայում։

 

 

 

 



Leave a Reply