Մեդիա կառավարման առցանց երկրորդ դպրոցում սովորելու հրավեր

Եռամսյա ուսումնական ծրագիր լրատվական դաշտի մասնագետների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Դոյչե Վելլե Ակադեմիայի հետ սկսել է նոր ուսումնական ծրագիր՝ նախատեսված լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, կոմերցիոն և բիզնեսի զարգացման բաժինների պատասխանատուների, կառավարման գործում ընդգրկված այլ մասնագետների, ինչպես նաև՝ մեդիայի կառավարման խնդիրներով հետաքրքրված ուսանողների համար։

Դպրոցը նպատակ ունի զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում, որոնք կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ պլանավորման, այնպես էլ՝ թվային միջավայրի փոփոխություններին արձագանքելու համար։

Դպրոցը հաջողությամբ ավարտողները՝

  • Կկարողանան իրականացնել ռազմավարական պլանավորում,
  • Ձեռք կբերեն ծրագրերի, ռեսուրսների և ֆինանսների կառավարման հմտություններ,
  • Կկարողանան մշակել լրատվամիջոցի և մեդիա բովանդակության առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
  • Կտիրապետեն թվային միջավայրում մեդիա բիզնես կազմակերպելու եւ մեդիաարտադրանքն ավելի մրցունակ դարձնելու հմտություններին,
  • Կկիրառեն տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ թվային հարթակներում լսարանի հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։

Դպրոցն անցկացվում է 4 թեմատիկ մոդուլով, որոնք ներառում են տեսական դասեր, իրավիճակների վերլուծություն, անհատական նախագծերի մշակում՝ մենթորների օգնությամբ։

Դասերը շաբաթական 2 օր են, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:

Ուսուցումը հիմնականում առցանց է։ Դասավանդում են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի՝ կազմակերպվում են նաև հանդիպումներ Հայաստանից եւ արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։

Դասերին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ սովորողի ներկայությունն է նաև ձեւավորելու մոդուլային գնահատականը։

Դպրոցի գործնական առաջադրանքներն ու ուսումնական նյութերը տեղադրվելու են ՄՆԿ-ի առցանց ուսուցման հարթակում։

Ուսումնական ծրագիրը՝ համառոտ

Մոդուլ 1։ Ռազմավարական կառավարում

Մասնակիցները սովորելու են սահմանել հստակ և իրագործելի բիզնես նպատակներ, գտնել եկամտի նոր աղբյուրներ, փնտրել զարգացման հնարավորություններ՝ անգամ ճգնաժամերի փուլում։ Ձեռք են բերելու անձնակազմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման հմտություններ։

Մոդուլ 2 Թվային զարգացման ռազմավարություն

Ուսումնասիրելու են թվային միջավայրում մեդիայի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Տիրապետելու են լսարանի չափման և ուսումնասիրության, տեղեկատվության ուղիների ընտրության, առցանց հարթակներում նախագծերի մոնետիզացման ծրագրերին եւ գործիքներին։

Մոդուլ 3։ Մարքեթինգ

Մոդուլը վերաբերում է մեդիա կազմակերպությունների մարքեթինգային հաղորդակցության առանձնահատկություններին՝ դիտարկելով խնդիրը մի դեպքում ՝ լսարանի և սպառման, մյուս դեպքում՝ գործընկեր կազմակերպությունների և բիզնես կապերի տեսանկյունից:

Մասնակիցները սովորելու են սահմանել մարքեթինգային նպատակներ և չափել արդյունքները, կառավարել գովազդն ու ֆինանսական հոսքերը։

Մոդուլ 4։ Ֆինանսների կառավարում

Ներկայացվելու են ֆինանսների կառավարման և վերլուծության հիմնական սկզբունքները, որոնք կարեւոր են բիզնես որոշումների կայացման համար՝ ռեսուրսների պլանավորում, բյուջեի կազմում, դրամական միջոցների հոսքերի կանխատեսում, ֆինանսական հաշվետվությունների ընթերցում, հարկային խնդիրների կարգավորում և այլն:

Անհատական աշխատանք (նախագծի մշակում)

Ուսումնական ծրագրի ավարտին սովորողները մենթորների աջակցությամբ մշակելու են բիզնես նախագծեր։ Դրանք կարող են վերաբերել նոր մեդիա արտադրանք, ծառայություն գործարկելուն, մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարություն մշակելուն եւ այլն:

Դպրոցի մասին ավելին կարելի է իմանալ այստեղ

Ինչպես դիմել

Դպրոցում սովորելու համար պետք է ներկայացնել բիզնես նախագծի գաղափար (առավելագույնը մեկ էջ) և լրացնել առցանց հայտը։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է մրցունակ գաղափարներին և դիմողի աշխատանքային փորձին։

Երկրորդ դպրոցի մասնակիցների համար դասերը կսկսվեն նոյեմբերից և կտևեն երեք ամիս։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 19-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055 89 57 00։


Մեդիա կառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

 



1 Comment

Leave a Reply