- November 21, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է համերգների, մշակութային միջոցառումների և բեմական նախագծերի կազմակերպման փորձ ունեցող մասնագետներին դիմելու երաժշտական միջոցառման պրոդյուսերի աշխատանքի համար։
Միջոցառման մասին
Այս համերգը երաժշտական-բեմական յուրահատուկ նախագիծ է, որի գլխավոր մասնակիցները լրագրողներն են՝ այս անգամ ոչ թե իրենց մասնագիտական, այլ ստեղծագործական դերում։
Համերգը նպատակ ունի երաժշտության և բեմական արվեստի միջոցով խթանել մեդիայի և հանրության երկխոսությունը, նոր ու ոչ ավանդական ձևաչափով անդրադառնալ խոսքի ազատությանը, պատասխանատու լրագրությանը և ժամանակակից տեղեկատվական մարտահրավերներին։ Միաժամանակ այն հնարավորություն կտա բացահայտելու լրագրողների ստեղծագործական ներուժը և հանրությանը ներկայացնելու նրանց մասնագիտական կերպարի՝ «կադրից դուրս» կողմը։
Նախատեսվում է շուրջ 10 երաժշտական կատարում․ միջոցառման անցկացման ժամկետը՝ դեկտեմբեր։
Պրոդյուսերի հիմնական պարտականությունները
Պրոդյուսերը պատասխանատու կլինի համերգի ստեղծագործական հայեցակարգի մշակման, բեմական ծրագրի ձևավորման և միջոցառման նախապատրաստման ու իրականացման ամբողջական համակարգման համար՝ սերտորեն համագործակցելով ՄՆԿ-ի թիմի և ներգրավված մասնագետների հետ։
Մասնավորապես՝
- Մշակել համերգի ստեղծագործական հայեցակարգը, բեմական լուծումներն ու սցենարը՝ ներառյալ կատարումների հաջորդականությունն ու անցումները։
- Ձևավորել ելույթների ձևաչափերը՝ հաշվի առնելով նրանց հնարավորություններն ու համերգի հիմնական ուղերձները։
- Համակարգել լրագրողների, երաժիշտների և ստեղծագործական թիմի աշխատանքը, կազմակերպել փորձերն ու մասնակիցների նախապատրաստումը։
- ՄՆԿ-ի թիմի հետ համատեղ համակարգել համերգի տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները՝ ներառյալ ձայնային, լուսային և տեսանկարահանման ապահովումը։
- Ապահովել համերգի բեմական ընթացքն ու ծրագրի սահուն իրականացումը։
Նշում։ Երաժիշտների ընտրությունն ու ներգրավումն ապահովում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Պրոդյուսերը համակարգում է նրանց և մյուս մասնակիցների աշխատանքը՝ համերգի ընդհանուր հայեցակարգին համապատասխան։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Երաժշտական կրթություն կամ կատարման փորձ,
- Համերգների, մշակութային միջոցառումների բեմական նախագծերի պրոդյուսերական աշխատանքի փորձ,
- Ստեղծագործական հայեցակարգերի, համերգային սցենարների և բեմական լուծումների մշակման կարողություն,
- Պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժշտական կատարողների հետ աշխատելու, փորձերը կազմակերպելու և ստեղծագործական ու տեխնիկական թիմերի աշխատանքը համակարգելու փորձ,
- Կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ, սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված մասնագետներին խնդրում ենք ուղարկել՝
- Ինքնակենսագրական (CV)՝ համապատասխան մասնագիտական փորձի և իրականացված նախագծերի նկարագրությամբ։
- Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
Դիմումներն ուղարկել՝ [email protected], նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Պրոդյուսերի հայտ»։
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30։
Միջոցառման իրականացման ժամկետը՝ դեկտեմբեր։
Համերգն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ «Դիմակայելու արվեստը» նախագծի շրջանակում։
