Մեդիագրագիտության դպրոց ՔՀԿ-ների համար

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում հրավիրում է Երևանի և մարզերի ՔՀԿ-ների ներկայացուցիչներին, ոչ ֆորմալ կրթության դասավանդողներին և երիտասարդական աշխատողներին՝ մասնակցելու մեդիագրագիտության խորացված դասընթացի:

Մեդիագրագիտության 7-օրյա դպրոցը նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների  համար, որոնք հետաքրքրված են մեդիագրագիտության հմտությունները փոխանցել իրենց շահառուներին և պատրաստ են ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու մեդիագրագիտության դասընթացներ իրենց համայնքներում:

Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան`

  • զարգացնել քննադատական մտածողության, մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները
  • ձեռք բերել դասավանդման նոր մեթոդների, դրանց կիրառման հմտություն և կարողություն
  • հանդես գալ՝ որպես մեդիագրագիտության դասավանդողներ
  • ծրագրի շրջանակում դիմել դրամաշնորհների՝ իրենց համայնքներում մեդիագրագիտության ծրագրեր և դասընթացներ իրականացնելու համար

Վերապատրաստման դասընթացը կվարեն միջազգային և տեղացի փորձագետները՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ։

Մասնակցության պայմաններ

Մեդիագրագիտության դպրոցը կանցկացվի հունվարի 22-ից 28-ը Ծաղկաձորում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

  • Դասընթացին կարող են մասնակցել Երևանում և մարզերում գրանցված, գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները:
  • Խրախուսվում է կազմակերպություններում հաղորդակցությամբ, ծրագրերի ղեկավարմամբ զբաղվող ներկայացուցիչների դիմումների ներկայացումը։

Ընտրության չափանիշները

Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են հանձնաժողովի կողմից` հետևյալ չափանիշներին համապատասխան՝

  • Դիմորդի հետաքրքրվածությունը մեդիագրագիտության, մեդիակրթության կարողությունների զարգացման ուղղությամբ, հնարավոր համապատասխան փորձը։
  • Դիմորդի տարիքը․ կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք։
  • Դիմորդի՝ դպրոցի տրամադրած գիտելիքներն ու կարողությունները իր և կազմակերպության գործունեության շրջանակում օգտագործելու ցանկությունն ու նախաձեռնողականությունը։
  • Դիմորդի՝ անգլերենին տիրապետելու կարողությունը կդիտվի որպես առավելություն (դասընթացը վարելու է նաև հրավիրված միջազգային փորձագետ, և ուղիղ շփումը մասնակիցների հետ ցանկալի է, նախատեսված է նաև համաժամանակյա թարգմանություն)։
  • Դիմորդին առաջադրած կազմակերպության պատրաստակամությունը աջակցել մեդիագրագիտության տարածմանը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է`

ա) Լրացնել հայտը:

բ)  Ներկայացնել ինքնակենսագրություն (նշել անգլերենի իմացության մակարդակը):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 14-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010 583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։

***

Ծրագրի նկարագրություն «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

Ծանուցում․ Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:

 

 



Leave a Reply