- November 25, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Թվապատում 2023» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։
Մասնագիտական կատարելության «Թվապատում» մրցույթն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումը, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
«Թվապատում 2023»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Մրցույթի աջակիցներն են նաև «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը», Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:
«Մենք ուրախ ենք, որ շարունակում ենք լինել «Թվապատում» մրցույթի հիմնական աջակիցը: ԱՄՆ ՄԶԳ-ում մենք կարևորում ենք լրատվամիջոցների դերը ժողովրդավարության առաջխաղացման գործում, դա է պատճառը, որ 2023 թվականին մենք մեկնարկեցինք «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը»՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ: 15 միլիոն դոլար աննախադեպ բյուջեով հնգամյա ծրագիրը մինչ օրս ամենախոշոր ներդրումն է հայաստանյան մեդիա դաշտում: Աջակցելով «Թվապատում» մրցույթի նման նախաձեռնությունների իրականացմանը՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խթանելու անկախ մեդիա դաշտի զարգացմանը՝ որպես ժողովրդավարական արժեքների հիմնաքար»,- իր բացման խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը:
«Թվապատում 2023» մրցութային հանձնաժողովի կազմում մեդիադաշտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին․
- Աննա Փամբուկչյան, «Եվրոպական ժողովրդավարացման հիմնադրամի» մեդիա խորհրդատու,
- Արմեն Գրիգորյան, «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի» ծրագրերի ղեկավար,
- Գնել Նալբանդյան, «Նյումեգ» ամսագրի գլխավոր խմբագիր,
- Կարինե Ասատրյան, «Ա1+»-ի գլխավոր խմբագիր,
- Նազիկ Արմենակյան, «4Plus» վավերագրական լուսանկարչության կենտրոնի տնօրեն,
- Գեղեցիկ Ոսկանյան, «Սիվիլնեթի» լրագրող, «Թվապատում 2022»-ի Գործող անձ անվանակարգի հաղթող։
Հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվեցին մրցույթի հաղթողները, որոնք ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:
«Թվապատում 2023»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգի պատմություններն այն անհատների մասին են, որոնք դրական փոփոխություններ են նախաձեռնում իրենց շրջապատում։ Այս անվանակարգում հաղթեց «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Ղարիբյանի «Արի գյուղ, գյուղում կյանք կա. «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը» հրապարակումը: 300․000-ական դրամով պարգևատրվեցին և՛ հեղինակը, և՛ հրապարակման հերոս Անահիտ Գևորգյանը:
Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 250․000 դրամով պարգևատրվեց «Հետք մեդիա գործարանի» լրագրող Զարուհի Տոնիկյանը՝ «Հուղարկավորության գինը. 15 տարում Երևանի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով» հրապարակման համար։
Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Ամփոփի» լրագրող Կարինե Դարբինյանը՝ «Երկրակեր երկնաքեր Երևան» շարքի համար։
Մրցույթի նոր՝ ԱզդեցIQ անվանակարգի մրցանակը և 250 000 դրամ պարգևը շնորհվեցին 14 տարեկան Տիգրան Գաբրիելյանին՝ ինստագրամի TigranBlog էջում իր ազդեցիկ գործունեության և առցանց արշավի համար։ Այս անվանակարգում դիտարկվում են սոցիալական հարթակներում թվային բովանդակություն ստեղծելու հեղինակային մոտեցումն ու դրա ազդեցությունը հետևորդների շրջանում։
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հանձնաժողովը ընտրեց երկու հաղթող։ 125 000-ական դրամով պարգևատրվեցին «Հետքի» Մարինե Մարտիրոսյանը՝ «Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի սորտերի գենոմը. գիտական արդյունքները կարող են նաև տնտեսական օգուտ բերել» նյութի համար, ինչպես նաև «Ինֆոքոմի» Աննա Սահակյանը՝ «Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս» հրապարակման համար։
Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող չընտրեց, սակայն որոշեց երեք նյութերի հեղինակների խրախուսական մրցանակներ հանձնել։ 125 000-ական դրամով պարգևատրվեցին «Հետքի» լրագրողներ Անահիտ Սվարյանը և Հայկ Մակիյանը՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» նյութի համար, «Ինֆոքոմի»ի լրագրող Աստղիկ Քեշիշյանը՝ «Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ․ շրջափակման հետևանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են» նյութի համար, «Մեդիամաքսի» հեղինակ Սոֆիա Հակոբյանը՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» հրապարակման համար։
Ավանդույթի համաձայն հանձնաժողովը նաև հատուկ մրցանակ շնորհելու որոշում կայացրեց։ «Թվապատում 2023» ամենամյա մրցույթի Հատուկ մրցանակ և 100․000 դրամ պարգև ստացավ լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ «Առավոտում» հրապարակված «Պաշարված Արցախ․ աղոթք ու պայքար օրվա հացի համար» նյութի, ինչպես նաև շրջափակման ընթացքում առցանց հարթակներով մարդկային ճակատագրերի մասին պատմելու և իրազեկելու համար։
«Թվապատում» լրագրողական մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
«Թվապատում 2023» լրագրողական մրցույթին աջակցում են նաև Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը: