«Թվապատում 2019» կոնֆերանսը ներգրավեց, ոգեշնչեց ու միավորեց

Հունիսի 28-29-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անցկացրեց իր տարեկան, արդեն վերցերորդ #Tvapatum19 մեդիա կոնֆերանսը։

Այս տարվա կոնֆերանսի խորհրդանիշը ժամանակակից մարդու թվանշային ԴՆԹ-ն էր՝ նոր ինքնությունը, ազդեցությունը, հնարավորություններն ու սովորույթները, որոնք հատուկ են թվային աշխարհում և հատկապես Հայաստանում ապրող մարդուն։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարեկան հայտնի կոնֆերանսում ԱՄՆ-ից, Բելգիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից և Հայաստանից մասնագետները քննարկեցին, թե ինչպես է մեդիան կարծիք ձևավորում, ինչ ազդեցություն ունի օգտատերերի վրա, ինչու է ստեղծում համախոհների բանակներ ու ճամբարներ։ Թվապատման հարթակն այս անգամ ոգեշնչ(վ)ելու, ներգրավ(վ)ելու և միավոր(վ)ելու հնարավորություն էր ստեղծել բանախոսների ու մասնակիցների համար։

«Թվապատում 2019․ ոգեշնչել, ներգրավել, միավորել» կոնֆերանսի տասից ավելի միջազգային ու տեղացի բանախոսները փորձարկեցին լսարանի վրա ազդեցություն թողնելու հայտնի և գաղտնի գործիքներ՝ ավանդական մեդիայից մինչև սոցիալական ցանցեր։ Ինչպե՞ս դառնալ թվային հեղինակություն համայնքում, երկրում և աշխարհում։ Եվ որ կարևորն է՝ որտե՞ղ օգտագործել այդ հեղինակությունը։ Այս հարցերն ու դրանց հնարավոր պատասխանները հնչեցին կոնֆերանսի երկու օրերին։

Կոնֆերանսը լրագրողների, մենեջերների, մեդիա փորձագետների, բլոգերների ու վլոգերների, ակտիվ օգտատերերի, քաղաքացիական ակտիվիստների և ուսանողների համար էր։

«Թվապատում 2019» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները կարելի է գտնել #Tvapatum19 հեշթեգով:


«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Կոնֆերանսին աջակցում են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության հիմնադրամը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։



Leave a Reply