Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Առաջարկվող նախագծերի շրջանակում պատրաստված բովանդակությունը կարող է լինել կրթության, տնտեսության, ազգային անվտանգության, առողջապահության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։ Հայաստանյան խնդիրները պետք է ներկայացվեն Եվրոպական միության կամ Արևելյան գործընկերության երկրներում ընթացող զարգացումների հետ համեմատության մեջ։ Խրախուսվում է նյութեր պատրաստելու ընթացքում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ներառյալ այցելությունը ընտրված երկիր։ Հատուկ ուշադրության կարժանանան նշված թեմաներին առնչվող գենդերային կարծրատիպերի, հասարակական ու քաղաքական դաշտում կանանց ակտիվ դերի մասին առաջարկները։

Ժանրերի և ձևաչափերի սահմանափակում չկա․ մուլտիմեդիա պատմություններ, լուծումների լրագրություն, հետաքննություններ, մարդկային պատմություններ, հատուկ ռեպորտաժներ, հարցազրույցներ, կարճ տեսանյութեր և այլն։ Դիմորդները կարող են առաջարկել և հիմնավորել այլ ձևաչափեր և ժանրեր՝ հաշվի առնելով թեմայի յուրահատկությունը և ընտրված լսարանը։

Առաջարկվող բովանդակության կոնցեպտը պետք է լինի մանրամասն մշակված, հստակ, իրագործելի, ունենա լսարանին ներգրավելու հստակ ռազմավարություն։

Նախագծի տևողությունը – 5 ամիս։

Յուրաքանչյուր նախագծի բյուջեն – 2,700,000-ից մինչև 4,400,000 դրամ։

Նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են 9,000,000 ՀՀ դրամ։

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված լրատվամիջոցները, որոնք կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը, գործում են թափանցիկության սկզբնունքներին համաձայն, միացած են ինքնակարգավորման որևէ նախաձեռնության կամ ունեն էթիկայի կանոնագիր։ Մրցույթին չեն կարող մասնակցել ՄՆԿ-ի ընթացիկ դրամաշնորհառուները։

Դիմելու կարգը

Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի՝

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական (տես նախորդ պարբերությունը) հայտերը կմերժվեն։

Հայտերն ուղարկել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Մեդիա բովանդակության ստեղծում․ դրամաշնորհների մրցույթ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2026թ-ի սեպտեմբերի 28-ն է, 18։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով (առավելագույնը՝ 50 միավոր)՝

Չափանիշ Միավոր
1 Առաջարկվող բովանդակության գաղափարի/թեմայի կարևորությունը, արդիականությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, նոր գործիքների, հարթակների օգտագործումը 15
2 Լրատվամիջոցի դիրքը դաշտում, բովանդակություն ստեղծելու կարողությունը (նախկին փորձը, հավասարակշռված, փաստարկված լուսաբանում, էթիկական նորմերի պահպանում և այլն) 10
3 Լսարանին հասնելու և ներգրավելու մեխանիզմները 10
4 Իրագործելիությունը 5
5 Բյուջեի հստակությունը, խելամտությունը, փաստարկված լինելը 10

Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել առաջարկները։ Հայտերը վերջնականացնելուց հետո ընտրված լրատվամիջոցների հետ կկնքվեն պայմանագրեր։

Պարզաբանումներ դիմորդներին

Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Արշալույս Մուրադյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով:


Մրցույթն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 



Leave a Reply