Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը՝ Հայաստանում․ Ինչպե՞ս խուսափել Ֆեյսբուքի պիտակներից

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ու հետընտրական շրջանում՝ 2021-ի հունիս-հուլիս ամիսներին, Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով Media.am-ը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրով համագործակցում է «Փաստ-մետր»-ի հետ։

Ֆեսյբուքը իր Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում աշխատում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավատարմագիր ունեցող կազմակերությունների հետ՝ ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։

Այս ծրագրի շրջանակներում հունիսի 1-ից Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման մեր թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին։

Ապատեղեկատվություն հայտնաբերելու դեպքում՝ Media.am-ը և Factcheck.ge-ն հրապարակում են փաստերի ստուգման հոդված, որից հետո Ֆեյսբուքը համապատասխան նշում՝ պիտակ է թողնում հնարավոր ապատեղեկատվություն պարունակող գրառումների վրա։

Ֆեյսբուքի պիտակները 6-ն են․ կեղծ (False), խմբագրված (Altered), մասամբ կեղծ (Partly False), առանց համատեքստի (Missing Context), երգիծանք (Satire), ճշմարտություն (True)։

Պիտակներ ստացած էջերի հանդեպ Ֆեյսբուքը կիրառում է սահմանափակումներ։ Դրանցից խուսափելու համար էջերը և խմբերը կարող են ձեռնարկել մի քանի միջոցառում․
1) Տեղեկությունը տարածելուց առաջ կարևոր է ստուգել այն։ Գոյություն ունեն տեղեկության ստուգման բազմաթիվ և բազմալեզու ուղեցույցներ (օրինակներից մեկը կարելի կարդալ այստեղ):
2) Ֆեյսբուքից պիտակ ստացած էջերը կարող են դիմել փաստեր ստուգող կազմակերպությանը վճռի վերանայման համար, եթե ուղղել են սխալ տեղեկությունը։
3) Ֆեյսբուքից պիտակ ստացած էջերը կարող են բողոքարկել վճիռը, եթե կարծում են որ այն սխալ է։

Ֆեյսբուքը մանրամասն ուղեցույց է պատրաստել այդ հայտերը նախապատրաստելու համար։
❌ Մի՛ ջնջեք Ֆեյսբուքի կողմից պիտակ ստացած գրառումը, քանի որ այդ դեպքում փաստեր ստուգող կազմակերպությունը չի կարողանա վերանայել վճիռը։
✅ Դուք կարող եք դիմել վճռի վերանայման, եթե ուղղել եք սխալ պնդումը և ուղղման մասին հստակ նշում կատարել ֆեյսբուքյան գրառման մեջ։ Եթե նյութը պարունակում է URL հղում, ապա ուղղումը պետք է լինի նաև կայքում (ներառյալ վերնագրում)։
✅ Դուք կարող եք բողոքարկել վճիռը՝ հստակ նշելով, թե ինչու է վճիռը եղել սխալ։
Վերանայման և բողոքարկման հայտերը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին։
Ստուգման ենթակա գրառումներ հայտնաբերելու համար ամենօրյա ռեժիմով աշխատում է Media.am-ի մոնիթորինգի թիմը։ Մենք կիրառում ենք նաև Ֆեյսբուքի մոնիթորինգի գործիքները։

Ընթերցողները կարող են ստուգման համար նյութեր ուղարկել մեր կայքի Կապ մեզ հետ բաժին՝ էլեկտրոնային փոստի վերնագրում գրելով «փաստերի ստուգում»։



Leave a Reply