- June 15, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
Հունիսի 14-ին մեկնարկեց «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները ՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։
«Ծրագիրը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր մարմնավորում է Եվրոպական միության համոզմունքն առ այն, որ երիտասարդներն ունեն իրենց համայնքներում փոփոխություն բերելու և ապագան ձևավորելու զգալի ներուժ։ Հայաստանի երիտասարդներն ունեն մեծ էներեգիա, ստեղծարար պոտենցիալ և ձգտում, ինչը նրանց դարձնում է դրական սոցիալական փոփոխությունների և ավելի ներառական, հավասար և կայուն ապագա կերտելու առաջամարտիկներ։ Եվրոպական Միությունը հաստատակամ է շարունակաբար աջակցելու Հայաստանում երիտասարդական ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրականության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Սեփական իրավունքների ու շահերի պաշտպանությունը և համայնքային կյանքին մասնակցությունը պետության զարգացման ամենակարևոր նախապայմանն են: Մենք հաջողություն ենք գրանցել բոլոր այն ոլորտներում, որտեղ կարողացել ենք պաշտպանել մեր իրավունքներն ու շահերը: Մեր երիտասարդները շատ ակտիվ են, նախաձեռնող և ունեն հրաշալի գաղափարներ, բայց այդ բոլոր ծրագրերին, գաղափարներին ու մոտեցումներին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աջակցություն, որպեսզի որևէ պարագայում որևէ երիտասարդ չմտածի, թե մենակ է իր մտքերի ու գաղափարների հետ: Անհրաժեշտ է ապահովել այն միջավայրն ու պայմանները, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին զարգանալու և առաջ գնալու՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի ու պետության զարգացմանը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ծրագրի իրականացմանը»,– ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը ընդգծեց հիմնադրամի հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և երիտասարդությանն աջակցելու և հզորացնելու հարցում:
«Հուսով ենք՝ ծրագրի բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները, հզորացնել երիտասարդ մասնագետներին և այս դժվարին ժամանակներում աջակցել Հայաստանին բաց և եվրոպական հասարակություն դառնալու ճանապարհին»,- իր խոսքում նշեց Շտեֆան Մալերիուսիը:
Ծրագրի առաջնային շահառուները՝ երիտասարդական կազմակերպությունները, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների հնարավորություն կստանան, այդ թվում՝ արդյունավետ կառավարման և զարգացման համար։ Այդ նպատակին կծառայեն տարբեր ուղղվածության դրամաշնորհները, տարբեր ձևաչափերի ուսումնական ծրագրերը, նորարարական հավաքները, խորհրդատվությունները։
Ծրագրի կենտրոնում են լինելու նաև երիտասարդ մասնագետները, որոնք կստանան կրթաթոշակներ և հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտությունները` համայնքային խնդրները թիրախավորելու, ինչպես նաև տեղական տարբեր նախաձեռնություններ մշակելու ու իրականացնելու համար:
Մշակվելու է «Երիտասարդական ոլորտում աշխատողների ինստիտուտը», որն ուղղված է լինելու բարձրացնելու ոլորտի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Կարևոր բաղադրիչ է նաև մեդիագրագիտությունը և մեդիակրթությունը, դրանց տեսական և կիրառական գործողությունները, ինչը կօգնի նաև երիտասարդներին արդյունավետ հաղորդակցվել և բարձրաձայնել խնդիրները։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: