- September 16, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, բլոգերներին, փոդքասթերներին և այլ մեդիա բովանդակություն ստեղծողներին մասնակցելու մեդիա աշխատարանին, որը կանցկացվի հոկտեմբերի 8-11-ը։ Մասնակիցների խմբում պարտադիր պետք է ներառվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված համայնքի ներկայացուցիչները։
Աշխատարանի նպատակն է խթանել համատեղ աշխատանքը զգայուն թեմաների, խոցելի խմբերի, տեղահանված համայնքների, մարդու իրավունքների և այլ կարևոր հարցերի շուրջ՝ փոքր թիմերով մուլտիմեդիա նյութեր ստեղծելու համար։ Թիմերը կկազմվեն երկու՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված լրագրողից։
Կընտրվի 12 մասնակից Երևանից և մարզերից՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ազատ լրագրողներ և բովանդակություն ստեղծողներ։
Աշխատարանի ուշադրության կենտրոնում կլինեն սթորիթելինգը, նորարար մուլտիմեդիա արտադրությունը, հակամարտություններին առնչվող զգայուն թեմաների լուսաբանումն ու մասնագիտական էթիկան, ոչ բռնի հաղորդակցության սկզբունքները։
Չորս օրերի ընթացքում մասնակիցները թիմերով կաշխատեն իրենց մեդիա գաղափարների մշակման և զարգացման վրա, կշփվեն լրագրողների, վավերագրողների, սցենարիստների, ՄՆԿ-ի մասնագետների հետ:
Աշխատարանի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու աշխատանքը իրենց գաղափարների իրականացման ուղղությամբ՝ ՄՆԿ մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։
Դիմելու վերջնաժամկետը 2026 թ-ի սեպտեմբերի 25-ն է։
Աշխատարանը կանցկացվի Ծաղկաձորի «Սթոունհենջ» հյուրանոցում։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Մանե Գրիգորյանին [email protected] հասցեով։
Ուշադրություն. աշխատարանին չեն կարող դիմել այս ծրագրի շրջանակում 2023 և 2025 թվականներին ՄՆԿ-ի կողմից կազմակերպված «Հակամարտությունների լուսաբանման» դպրոցների մասնակիցները։
Մեդիա աշխատարանն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։
