- June 20, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ինչպե՞ս է մեդիան տարբեր երկրներում հաղթահարում համաճարակով պայմանավորված տնտեսական դժվարությունները, բիզնեսի կայունացման և զարգացման ի՞նչ տարբերակներ են փորձարկվում և ինչ արդյունքներ են արձանագրվում։ Ի՞նչը կարող է նրանց փորձից օգտակար լինել հայաստանյան լրատվամիջոցներին։ Հնարավո՞ր է ընդհանրապես մեդիան վերածել բիզնես։
Հայաստանյան խմբագրությունների համար այս շատ կարևոր հարցերի պատասխանները քննարկվեցին հունիսին կազմակերպված առցանց դասընթացին, որը վարում էին Jnomics media-ի փորձագետներ Յակուբ Պարուշինսկին, Գայ Գելդիևը և Ալեքս Սաբադան։ Jnomics media-ն տարբեր մասնագետներից կազմված խորհրդատվական կազմակերպություն է, որն օգնում է լրատվամիջոցներին զարգանալ որպես կայուն և անկախ բիզնես։
Դասընթացին մասնակցող խմբագիրների և մարքեթինգի մասնագետների հետ նրանք վերլուծեցին խմբագրությունների ռեսուրսներն ու կարիքները, առաջարկեցին զարգացման ուղղություններ և մոտեցումներ, խոսեցին բաժանորդագրությունների և լսարանի կողմից մեդիային աջակցելու այլ ուղիների, «նեյթիվ» կամ հոդվածի մաս կազմող գովազդի, մոնետիզացիայի այլ մոդելների մասին։
Դասընթացի մասնակիցներից Մարի Թարյանը, որը «Մեդիամաքսի» զարգացման պատասխանատուն է, հավատում է, որ ներկայացված միջազգային փորձից շատ բան կարելի է տեղայնացնել նաև Հայաստանում․
«Մենք արդեն երկար տարիներ է քննարկում է «Մեդիամաքսի» ընթերցողների ակումբ ստեղծելու գաղափարը։ Դասընթացից հետո այս ուղղությամբ քայլերն ինձ համար ավելի պարզ դարձան։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց կսկսենք հետազոտություններն՝ այդ գաղափարի իրականացմանն ընդառաջ»։
«Ուրբանիստայի» լրագրող և սոցիալական մեդիայի պատասխանատու Անահիտ Մինասյանը դասընթացի ավարտից հետո թիմին առաջարկել է կայքի բովանդակության մասնակի վճարովի տարբերակ ներդնել։
«Դասընթացն ինձ համար շատ օգտակար էր՝ մեր ունեցածը վերաարժեվորելու և իրավիճակը գնահատելու համար։ Նոր լուծումներ և գաղափարներ հուշեց և մոտիվացրեց աշխատել այդ ուղղությամբ»։
Jnomics media-ի փորձագետներն այժմ աշխատում են «Հետք» հետաքննող լրագրողների խմբագրության հետ, միասին կազմում են մոնետիզացիայի արշավի պլան, որը «Հետքի» ընթերցողներին խմբագրությանը աջակցելու տարբերակներ կառաջարկի։
Դասընթացն ու խորհրդատվությունները հայաստանյան խմբագրություններին կազմակերպվում են «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA)-ի աջակցությամբ։