- October 25, 2022
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում։
Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված բոլոր կառույցներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին և թանգարաններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, լրատվամիջոցներին, պետական և մասնավոր կառույցներին՝ միանալու շաբաթվան:
Մեր շուրջը և աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում․ հետևելով անվերջանալի լրահոսին՝ մենք հաճախ չենք ստուգում աղբյուրը, չենք տարբերում հարթակները, չենք կողմնորոշվում, թե ում հավատալ, երբեմն կորցնում ենք վստահությունն ընդհանրապես ինֆորմացիայի ու մեդիայի նկատմամբ։
Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը UNESCO-ի նախաձեռնած Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շարունակությունն է։ Այն հնարավորություն է տարբեր ոլորտների շահագրգիռ կառույցների համար՝ միավորվելու մեդիագրագիտության գաղափարի շուրջ և շաբաթը վերածելու կրթական տոնի։
Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան
- Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, որտեղ կլինեն առցանց հանդիպումներ,
- Հարստացնել մեդիագրագիտության գիտելիքը՝ անցնելով «Մեդիա iգիտություն» նոր առցանց դասընթացը,
- Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի նոր ձեռնարկը, դրա հիման վրա անցկացնել դասեր ուսումնական հաստատություններում,
- Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
- Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի, կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
- Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր,
- Ստեղծել և տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ, սոցիալական մեդիայում տարածել մեդիագրագիտության ուղերձներ ու տեղեկատվական հիգիենայի կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգով։
Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով։
Օգտակար հղումներ
- «Մեդիագրագետ քաղաքացու ուղեցույց», ԱԳՆ, ՄՆԿ, UNESCO
- «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկ, առցանց դասընթաց, ՄՆԿ
- «Տեղեկությունների ստուգում» բուհական դասընթացի մեթոդական ուղեցույց, ՄՆԿ
- Փաստերի ստուգման ուղեցույց, ՀԼԱ, ԻԱԿ
- Մեդիագրագիտության դասավանդման և ծնողական ուղեցույցներ media.am-ի «Մեդիագրագիտություն» բաժնում.
- Նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու ուղեցույցներ և գրքեր, ՀԼԱ
- Ինֆոգրաֆիկներ փաստերի ստուգման մասին, ԻԱԿ
- Մեդիագրագիտության և կիբերանվտանգության թեմայով համակարգչային խաղեր, ՄՆԿ
- Media Navigator, մեդիագրագիտության վարժությունների շտեմարան
- Անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցներ, ՀՀ Արդարադատության նախարարություն
- Կիբերանվտանգության հուշումներ և խորհուդներ, CyberHub-AM
- Համացանցային գրագիտության ուղեցույցներ, Ապահով Համացանց Հայաստան
How alcan i participated in this programme, and where it take place?