Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 7-13

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում հայտարարված է մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն հինգերորդ տարին այն անցկացնում է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:

Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառմանը Կրթության, գիտության, մշակույթի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտությունը՝ որպես կրթության ոլորտի բաղադրիչ, ներառված է հանրակրթական նոր չափորոշիչներում, որին մեծ ուշադրություն է դարձվում. «Մեր օրերում տեղեկատվական հոսքերի և սոցիալական հարթակների ակտիվության պայմաններում խիստ անհրաժեշտություն է կրթության ոլորտում ներառել մեդիագրագիտությունը՝ օգնելու երեխաներին վաղ հասակից ճիշտ վերլուծել և կողմնորոշվել մեդիա հարթակում»:

ՄՆԿ Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց շաբաթվա անելիքները, մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած  և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն»  ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը։

«Այս տարի Մեդիագրագիտության գլոբալ շաբաթվա թեման տեղեկատվության նկատմամբ վստահության վերականգնումն է․ մեզանում էլ լրատվամիջոցների, նաև՝ պաշտոնական աղբյուրների ու լրատվության նկատմամբ վստահության ճգնաժամ է։ Մեդիագրագիտությունը ոչ միայն բացասական տեղեկատվությունից պաշտպանվելու համար է, այլ նաև օգնում է մեդիա միջավայրը հասկանալ, տեղեկատվության բազմազանության մեջ վստահելի աղբյուրները տարբերել, որակյալ բովանդակություն պահանջել, պատասխանատու մեդիային ճանաչել և սատարել։ ՄՆԿ նոր ձեռնարկն ու առցանց դասընթացը հենց այս ամենը խթանելու նպատակ ունեն»,- իր խոսքում նշեց Լուսինե Գրիգորյանը։

«Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը 2013թ. հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է և գալիս է օգնելու դասավանդողներին հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները և փոխանցել մեդիագրագիտության հմտությունները սովորողներին։ Ձեռնարկի առաջին մասում ներառված են 10 թեմաներով վերլուծական-կրթական նյութեր, իսկ  երկրորդ մասում՝ մեդիագրագիտությունը դպրոցական տարբեր առարկաների մեջ ինտեգրելու մեթոդական ուղեցույցներ, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ուղեցույցների հիմքում 2021 թվականին ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական նոր ծրագրերն են։

Իսկ նույնանուն առցանց դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվողների համար։ Այն օգնում է 10 դասերի միջոցով էլ  ավելի լավ  պատկերացնել մեդիայի պատմական զարգացումն ու այսօրվա դերը, հասկանալ լրագրության ու լրատվության սկզբունքները,  ճանաչել, ստուգել մեդիա մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից, բացահայտել մեդիայի ուժն ու կիրառել այն։

Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը UNESCO-ի նախաձեռնած Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շարունակությունն է։ Շաբաթվա ընթացքում Հայաստանի դպրոցներում, բուհերում, գրադարաններում, տարբեր կազմակերպություններով անցկացվում են դասեր, խաղեր, քննարկումներ, հաղորդումներ։

ՄՆԿ թիմը շաբաթվա ընթացքում կայցելի դպրոցներ, կանցկացնի դասընթացներ ուսուցիչների համար, կիրականացնի իրազեկման արշավ կազմակերպության Ֆեյսբուքյան հարթակում։ Բաց առցանց հանդիպումներին կարող են միանալ բոլոր ցանկացողները։

Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերի ուղեկցությամբ։



Leave a Reply